ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ադրբեջանի զինված ուժերը նոյեմբերի 16-ին նախաձեռնած հարձակումն ուղեկցում են լայնածավալ ապատեղեկատվական արշավով։
«Մասնավորապես, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր կեսօրին՝ մինչեւ բուն հարձակումը սկսելը, տարածել էր հաղորդագրություն, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 15-ին եւ 16-ին հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի ուղղություններով գնդակոծել են ադրբեջանական դիրքերը։ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը նաեւ պնդում է, թե ՀՀ զինված ուժերը գործողություններ են իրականացնում Տավուշի ուղղությամբ։ Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- գրված է ՊՆ տարածած հաղորդագրությունում:
ՀՀ ՊՆ-ն ընդգծել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փորձում է իր լայնածավալ սադրանքի համար մեղադրել հայկական կողմին: Այդուհանդերձ, առավել քան ակնհայտ է, որ հենց Ադրբեջանն է նախահարձակ եղել՝ գրոհելով հայկական դիրքերը հրետանային միջոցների եւ զրահատեխնիկայի կիրառմամբ։