ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ ընգծելով, որ այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են գործել Հայաստանի Հանրապետության սահմանի արեւելյան ուղղությամբ եւ ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունները հանգեցրել են մարդկային կորուստների։
ԱԳՆ-ն շեշտել է, որ այս վերջին հարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքներ օկուպացնելու՝ ադրբեջանական կողմի հետեւողական քաղաքականության շարունակությունն է, որը սկիզբ է դրվել այս տարվա մայիսի 12-ից՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական զինված ուժերի ներթափանցմամբ։
Այս գործողություններով Ադրբեջանը խախտում է նաեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, քանի որ ադրբեջանական կողմը հարձակումներ է գործում Հայաստանի Հանրապետության դեմ այն տարածքներից, որոնք ադրբեջանական կողմին են անցել այդ հայտարարության իրականացման հետևանքով։
Հայաստանի Հանրապետությունը, ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն, իրավասու է բոլոր միջոցներով հետ մղելու իր տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ ուժի կիրառումը։
ՀՀ ԱԳՆ-ն միջազգային հանրությանը եւ միջազգային գործընկերներին՝ ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը եւ համանախագահող երկրներին, կոչ է արել հստակորեն եւ հասցեական արձագանքելու տարածաշրջանային խաղաղությունը եւ անվտանգությունը լրջորեն վտանգող ադրբեջանական կողմի այս գործողություններին եւ գործուն քայլեր ձեռնարկելու դրանց կանխարգելման, Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի զինված ուժերի անվերապահ եւ ամբողջական դուրսբերման ուղղությամբ։