Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ) պատգամավոր Կարո Փայլանը թուրքական «Halk TV»-ի եթերում կոշտ քննադատություններ է հնչեցրել Թուրքիայի նախագահի եւ ընդդիմադիր կուսակցապետերի հասցեին։
Փայլանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նմանեցրել է նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերին։
Ընդդիմադիր գործիչը նշել է, որ Թուրքիայում նախագահի պաշտոնը պետք է անպայման դեմոկրատական արժեքներ դավանող գործիչ զբաղեցնի եւ չպետք է երկիրը հանձնել ֆաշիստներին։
Փայլանն իշխանություններին մեղադրել է տնտեսությունում ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ թուրքական ազգային արժույթի՝ թուրքական լիրայի աննախադեպ արժեզրկման հարցում վարած սխալ քաղաքականության, ինչպես նաեւ արտաքին ու ներքին քաղաքականության բացթողումների համար։
Կարո Փայլանը գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին եւ ազգայնական «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեներին քննադատել է իշխանությունների դեմ հստակ դիրքորոշում չունենալու եւ քրդամետ կուսակցության վերաբերյալ հակասական հայտարարություններով հանդես գալու համար։