ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ 17։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արեւելյան սահմանագոտում, որտեղ այսօր հարձակում էին նախաձեռնել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Մարտերի ինտենսիվությունը չի թուլացել։ Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, զրահատեխնիկա եւ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
Հայկական կողմի պատասխան գործողությունների հետևանքով հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիվ կորուստներ, զրահատեխնիկայի շուրջ մեկ տասնյակ միավոր ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Տվյալները ճշտվում են։ ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային եւ 5 ժամկետային, գերեվարվել է։
Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա իրադրության վերաբերյալ հաղորդագրություններով։