«Վիվա-ՄՏՍ»–ը եւ «Յուքոմ» ՓԲԸ-ն հայտարարություն են տարածել` հորդորելով անտեսել ադրբեջանական համարներից զանգերը, եւ տեղեկացրել, որ հնարավոր են զանգեր եւ նամակներ ադրբեջանական համարներից ու օգտահաշիվներից։
«Վիվա-ՄՏՍ»-ն ու «Յուքոմ» ՓԲԸ-ն հորդորել են զգոն լինել, չտրվել թշնամու սադրանքներին, անտեսել թշնամու կողմից հնարավոր զանգերը, հաղորդագրությունները, իրենց օգտահաշիվներից ուղարկվող կեղծ նամակները, ոչ մի դեպքում հետզանգեր չկատարել։
«Յուքոմ» ՓԲԸ-ն հայտնել է, որ սահմանում ծավալված իրադրության համատեքստում թշնամին օգտագործում է խուճապ տարածելու բոլոր միջոցները՝ հորդորելով անջատել էլեկտրոնային SIM-քարտերը, իրար փոխանցել «հույժ կարեւոր» լուրեր եւ նմանօրինակ գործողությունների դիմել։
Կապի օպերատորները հորդորել են ոչ մի դեպքում չնկարահանել ու համացանցում չզետեղել զինված ուժերի կամ զինտեխնիկայի տեղաշարժի վերաբերյալ տեսանյութեր եւ լուսանկարներ, որեւէ պարագայում դրանք չտարածել։
Միաժամանակ, ընկերությունները հորդորել են զերծ մնալ կասկածելի հրապարակումների ու չճշտված լուրերի տարածումից՝ անհարկի խուճապ չհարուցելու համար, հետեւել պաշտոնական լրահոսին։