Բախումներ լեհ-բելառուսական սահմանին, ներգաղթյալները քարեր են նետել լեհ ուժայինների ուղղությամբ: Վերջիններս ի պատասխան ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ եւ լուսարձակող նռնակներ են կիրառել։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի արեւելյան սահմաններին իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ, պնդել, որ Լուկաշենկոն վտանգի է ենթարկում ներգաղթյալներին։
Հազարավոր ներգաղթյալներ՝ հիմնականում Մերձավոր Արեւելքից, շարունակում են կուտակված մնալ Բելառուսի տարածքում՝ Լեհաստանի, Լիտվայի եւ Լատվիայի սահմաններին՝ փորձելով անօրինական մուտք գործել Եվրամիության տարածք։
Ըստ Լեհաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ «ներգաղթյալները քարերով հարձակվել են լեհ զինվորների եւ սպաների վրա, փորձել քանդել արգելապատնեշն ու մտնել Լեհաստան»: Լեհ ուժայիններն ի պատասխան արցունքաբեր գազ են կիրառել։
Ստեղծված ճգնաժամի համար Եվրամիությունը մեղադրում է Լուկաշենկոյին՝ պնդելով, որ Բելառուսի ավտորիտար առաջնորդը միտումնավոր դյուրացրել է Մերձավոր Արեւելքից ներգաղթյալների մուտքը Մինսկ եւ ուղղորդել նրանց դեպի ԵՄ սահմաններ։
Բրյուսելը հայտարարել է, որ Բելառուսի ղեկավարը այդ կերպ վրեժխնդիր է լինում 2020-ի օգոստոսին վիճելի նախագահական ընտրություններից հետո իր վարչակազմի դեմ սահմանված ցավոտ պատժամիջոցների համար։ Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները հայտարարել են Բելառուսի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրության մասին։