Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանին եւ Ադրբեջանին հորդորել է անհապաղ միջոցներ ձեռնարկել սահմանին լարվածությունը նվազեցնելու եւ հետագա սրացումից խուսափելու համար։
«Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ակտիվ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով։ Մենք երկու կողմերին հորդորում ենք անհապաղ կոնկրետ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու, հետագա սրացումից խուսափելու ու առկա բոլոր խնդիրներին լուծումներ գտնելու համար, այդ թվում՝ սահմանագծում»,– ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Բլինքենը նաեւ հղում է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոյեմբերի 15-ի հայտարարությանը` հիշեցնելով, որ դրանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության վերջին աճը մեկնաբանվում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ լուծման անհրաժեշտությամբ` բանակցությունների միջոցով, երկարաժամկետ հիմքի վրա։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո
Նախօրեին Պետդեպարտամենտի ներկայացուցիչը Հայաստանին ու Ադրբեջանին հորդորել էր դադարեցնել ռազմական գործողությունները եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո վերսկսել բանակցությունները։
«Մենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ակտիվ մարտական գործողությունների մասին ահազանգեր ենք տեսել։ Բանակցությունները պետք է սկսել նաեւ բոլոր չկարգավորված հարցերի համապարփակ լուծումներ գտնելու համար, որոնք այսպես թե այնպես կապված են ղարաբաղյան հակամարտության հետ»,– ընդգծել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Հորդորել է թուլացնել լարվածությունը
Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին եւս անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներին:
Նախարարը «Թվիթեր»-ի իր էջում գրել է, որ Կանադան խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին վերջին բախմամբ, որը հանգեցրել է հայ զինծառայողների մահվան:
«Մեր մտքերը զոհերի ընտանիքների եւ հարազատների հետ են: Հորդորում ենք թուլացնել լարվածությունը՝ հակամարտության խաղաղ լուծումը հնարավոր դարձնելու համար»,- գրել է Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Պահպանել հրադադարի ռեժիմը
Ավելի վաղ հրադադարի ռեժիմը պահպանելու կոչով հանդես էին եկել Իրանի եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունները: Փարիզը եւ Թեհրանը մտահոգություն են հայտնել հայ-ադրբեջանական սահմանագոտու իրադրության սրացմամբ։
«Ֆրանսիան խոր մտահոգություն է հայտնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի որոշ հատվածներում իրավիճակի վատթարացմամբ եւ ծանր սպառազինության ենթադրյալ կիրառմամբ, որը բազմաթիվ զոհերի է հանգեցրել, հատկապես հայկական կողմից։ Ֆրանսիան կողմերին հորդորում է պահպանել հրադադարի ռեժիմը, որը նրանք պարտավորվել են պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրով»,– ասված է հայտարարության մեջ։
Զերծ մնալ հակամարտության սրացումից
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, մտահոգություն հայտնելով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին նոր ռազմական բախումների կապակցությամբ, Երեւանին ու Բաքվին հորդորել է զսպվածություն ցուցաբերել եւ զերծ մնալ հակամարտության սրացումից եւ այն կարգավորել երկխոսության միջոցով:
Խաթիբզադեն հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունները վտանգավոր է համարել տարածաշրջանում խաղաղության համար եւ Իրանի պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցելու հակամարտության կարգավորմանը:
Նախօրեին ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։