ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ Հայաստանում ՔՈՎԻԴ–19–ով հիվանդացության նվազման միտում կա, մահվան համեմատաբար բարձր ցուցանիշները դեռեւս շարունակում են պահպանվել։
«Մշտապես ծանր դեպքերի եւ մահվան դեպքերի նվազումը ալիքի նվազումից 2-3 շաբաթ հետո է լինում։ Դեռ պահպանվում են մահվան համեմատաբար բարձր ցուցանիշներ։ Հույս ունենք, որ առաջիկա 1 շաբաթում այդ տվյալները նույնպես կնվազեն»,– նշել է Ավանեսյանը։
Նախարարն ընդգծել է, որ ԲԿ–ներում կորոնավիրուսային հիվանդության ստացիոնար բուժում ստանալու համար սպասող անձ ներկա պահին չկա։
Նոյեմբերի 17-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 330895 մարդ, փաստացի բուժում է ստանում 23 856 մարդ։ Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 46 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7153 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը հասել է 1394-ի։