Հայիթիի ԱԳ նախարար Կլոդ Ժոզեֆը Twitter-ի իր էջում գրել է, որ Թուրքիայում ձերբակալվել է Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանության մեջ հերթական կասկածվողը։
Նա հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկել Մեւլութ Չավուշօղլուի հետ եւ շնորհակալություն է հայտնել Սամիր Խանդալին ձերբակալելու համար, որը կասկածվում է Հայիթիի նախագահի սպանության համար։
Թուրքական ԶԼՄ–ները տեղեկացրել են, որ կասկածվողը ձերբակալվել է Ստամբուլի օդանավակայանում՝ ԱՄՆ–ից Հորդանան մեկնելու ճանապարհին։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ի լույս 7-ի գիշերը Հայիթիի նախագահն իր նստավայրի վրա հարձակման ժամանակ մահացու վիրավորվել է։
Հայիթիի քվեարկության ու միջկուսակցական հարաբերությունների հարցերով նախարարը հայտնել է, որ նախագահին սպանած վարձկանների ջոկատը 28 հոգուց է բաղկացած եղել, որոնցից 26–ը կոլումբիացիներ են, 2–ն՝ ամերիկացիներ։
Ավելի վաղ Հայիթիի իրավապահ մարմինները հայտնել էին, որ նույնականացրել են 28 ենթադրյալ հանցագործներին, որոնցից 26-ը Կոլումբիայի քաղաքացիներ են։ Ձերբակալվել է ընդհանուր առմամբ 17 կասկածյալ, եւս 7-ը սպանվել է ոստիկանական գործողությունների ընթացքում։
Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի այրին` Մարտինը, ամուսնու սպանությունից հետո հաստատել է, որ իր ամուսնուն վարձկաններն են սպանել։
«Վարձկանները սպանել են նախագահին, մյուս վարձկաններն էլ ուզում են կործանել նրա երազանքը»,- ասել է նախագահի այրին: