Ըստ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տարածած պաշտոնական հաղորդագրության՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ–Բուրիչը մտահոգված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տեղի ունեցած միջադեպերի մասին հաղորդումներով։
«Մտահոգված եմ մարդկային կորուստներ ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շարունակվող միջադեպերի մասին ստացվող հաղորդումներով,– ընդգծել է նա,– հրադադարի լուրը լավ լուր է, եւ ես հորդորում եմ կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը»։
Պեյչինովիչ–Բուրիչը հիշեցրել է, որ ավելի քան 20 տարի առաջ ԵԽ–ին անդամակցելու ժամանակ «ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը պարտավորություն են ստանձնել հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով»։
«Եվրոպայի խորհուրդը կրկին հայտնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին իր լիարժեք աջակցությունը` տարաձայնությունների կարգավորման խաղաղ ճանապարհ գտնելու հարցում Հայաստանին եւ Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու նրանց մշտական ջանքերում։ Մենք պատրաստ ենք աջակցելու այս երկու անդամ պետությունների միջեւ երկխոսությանը` վստահությունն ամրապնդելու ու հաշտությանն աջակցելու նպատակով»,- ընդգծել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը։