Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչովը եւ Ադրբեջանի հարցով զեկուցող Ժելյանա Ժիվկոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ բացահայտ խոսել են Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի, Հայաստանի սահմանները խախտելու ու հայ ռազմագերիների մասին։
«Մենք լրջորեն անհանգստացած ենք երեկվա ծանր մարտերով, որոնք հետեւել են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին լարվածության վերջին աճին։ Ադրբեջանի կողմից ենթադրյալ սադրանքներին ի պատասխան ձեռնարկած ռազմական գործողությունը համարվում է անցյալ տարվա նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի ամենավատ խախտումը մինչ օրս՝ թողնելով դեռեւս չհաստատված թվով սպանված, վիրավոր եւ գերի ընկած զինվորներ»,– ասված է հայտարարությունում։
Հետեւել համաձայնագրի տեքստին եւ խուսափել ծավալուն մեկնաբանությունից
Հայտարարության հեղինակները դատապարտել են ապօրինի սահմաններ դնելու ցանկացած փորձ, ինչպիսին արձանագրվել է մայիսի 12-ից հետո` ադրբեջանական զորքերի հայկական տարածք ներխուժումից ի վեր։
«Մենք աջակցում եւ հորդորում ենք բացել տնտեսական ու տրանսպորտային կապերը, ինչպես նախատեսված է նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարությամբ, ինչը մեծապես շահավետ կլինի ողջ տարածաշրջանի համար։ Սա ներառում է կապը Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ։ Հաջողության հասնելու համար կողմերը պետք է հետեւեն համաձայնագրի տեքստին եւ խուսափեն չափազանց ծավալուն մեկնաբանությունից»,– նշել են հայտարարության հեղինակները։
Հակասում է եռակողմ հայտարարության ոգուն
Այդուհանդերձ, նրանք նաեւ անհանգստություն են հայտնում հայկական քաղաքների ու գյուղերի հետ կապ ապահովող ճանապարհներին ադրբեջանական կողմի առաջացրած խոչընդոտների վերաբերյալ` հավելելով, որ նման վարքագիծը հակասում է եռակողմ հայտարարության ոգուն եւ անտեղի խոչընդոտում է տեղի քաղաքացիների կյանքը:
ԵԽ ներկայացուցիչները նաեւ մտահոգություն են հայտնում գերիների վերադարձի վերաբերյալ` փաստելով, որ բազմաթիվ հայ գերիներ դեռ պետք է ազատ արձակվեն։
«Մենք վերահաստատում ենք մեր դիմումը Ադրբեջանի իշխանություններին այս հարցով»,– նշել են նրանք` միաժամանակ հայկական կողմին էլ հորդորելով փոխանակել ականապատ տարածքների քարտեզները, որպեսզի խաղաղ բնակիչները վերադառնան նախկին հակամարտությունների շրջաններ։