«Տրավ Սթոուն Գրուպ» ՍՊԸ-ն ցանկանում է շահագործել Սպանդարյանի բազալտի հանքավայրը: Այդ նպատակով նոյեմբերի 16-ին Աջափնյակ վարչական շրջանի շենքում տեղի է ունեցել հանքավայրի հայցվող տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության (ՇՄԱԳ) նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային լսում: Լսմանը մասնակից քաղաքացիները վերահաստատել են իրենց բացասական դիրքորոշումը, որ հայտնել էին օրեր առաջ, երբ նույն գործունեությունը ծավալելու համար նույն տարածքը հայցում էր «ՄԼ մայնինգ» ՍՊԸ-ն:
Հանքարդյունաբերողների այս ակտիվությունը, ինչպես նաեւ Երեւանի առանց այն էլ էկոլոգիական վատ վիճակը հաշվի առնելով՝ նախօրեին «Էկոլուր» տեղեկատվական, «Հայաստանի անտառներ», «Ինֆորմացիայի ազատության կենտրոն», «Կանաչ Հայաստան» ու այլ հասարակական կազմակերպություններ ու քաղաքացիներ հայտարարություն էին տարածել՝ պահանջելով մերժել ցանկացած նոր հանքի շահագործման համար թույլտվության տրամադրումը մինչեւ ոլորտում առկա խնդիրների լուծումը: Համայնքային իշխանություններից նրանք պահանջել էին նաեւ վերանայել Երեւանում գործող ընդերքօգտագործողների ընդերքօգտագործման պայմանագրերը, ինչպես նաեւ ուսումնասիրել, թե տարբեր տարրերով հագեցած փոշով եւ ծխագազերով Երեւանի մթնոլորտային օդի աղտոտվածությունը, հողի աղտոտվածությունը, աղմուկն ինչ ազդեցություն են գործում երեւանցիների առողջության վրա, եւ միջոցառումներ ձեռնարկել այդ ազդեցության մեղմման համար:
Երեւանի քաղաքապետարանն արձագանքել է հայտարարությանը՝ տեղեկացնելով, որ հաշվի առնելով Երեւանում հանքավայրերի շահագործման վերաբերյալ բնակչության ու մասնագիտական հանրության բացասական կարծիքը՝ գործող իշխանությունների պաշտոնավարման օրոք համայնքի անունից մերժվել են նոր հանքավայրերի շահագործման բոլոր հայտերը:
Քաղաքապետարանից տեղեկացրել են նաեւ, որ մեկնարկում է գործող եւ լքված հանքավայրերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հետազոտություն՝ Երեւանի էկոլոգիական բացասական իրավիճակում դրանց ունեցած դերը պարզելու նպատակով:
Այս պահին Երեւանում շահագործվում է 22 ոչ մետաղական հանքավայր, որոնց մեծ մասը մոտ է բնակելի թաղամասերին: Հանքավայրերի շահագործումն իրականացվում է բաց եղանակով եւ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն թողնում՝ առաջացնելով մինչեւ 10 մ եւ ավելի խորության գոգավորություններ ու փոսորակներ, որոնց պատճառով ձեւավորվում են լանջային պրոցեսներ, սողանքներ, փլվածքներ, տեխնածին այլ երեւույթներ, հողի եւ օդի էական աղտոտումներ:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։