Սյունիքի մարզպետարանից հայտնել են, որ Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը շարունակում է ամենօրյա ռեժիմով արձագանքել խնդիրներին, որոնց հանդիպում են Կապան-Ճակատեն ճանապարհահատվածի փակման հետեւանքով դժվարության մեջ հայտնված գյուղերը։
Երեկ Ճակատեն-Ծավ հատվածի գյուղեր են ուղարկվել 3 տոննա բենզին ու 3 տոննա դիզելային վառելիք, այսօր՝ 2 տոննա բենզին ու 1 տոննա դիզելային վառելիք։
Այսօր շարժական մեքենայով նաեւ բնական գազ է առաքվել գյուղեր՝ ավտոմեքենաների լիցքավորման համար։
Բնակիչների խնդիրներին արագ արձագանքելու ու դրանց լուծումն օպերատիվորեն համակարգելու համար ճանապարհի փակումից ի վեր գյուղերում են աշխատանքային խմբի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանը, նաեւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության տնօրեն Սասուն Մանուկյանն ու Զանգեզուր կենսոլորտային համալիրի տնօրեն Արման Մկրտչյանը։