ՀՀ քաղավիացիայի կոմիտեն հայտարարել է, որ ՀՀ-ԵՄ Ընդհանուր ավիացիոն համաձայնագրով Հայաստանի համար կստեղծվեն օդային տրանսպորտի ոլորտում նոր հնարավորություններ, կհաստատվեն նոր ուղիղ օդային կապեր, ակնկալվում են նաեւ տնտեսական օգուտներ։
«ԵՄ բոլոր ավիաընկերությունները կկարողանան ուղիղ չվերթեր իրականացնել ԵՄ ցանկացած կետից դեպի Հայաստանի ցանկացած օդանավակայան, նույնը կգործի նաեւ հայկական ավիաընկերությունների համար։ Կվերացվեն Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ թռիչքների բոլոր արգելքներն ու սահմանափակումները, իսկ բաց եւ արդար մրցակցության դրույթների պահանջներին համահունչ կերաշխավորվեն հավասար մրցակցային պայմաններ»,- նշված է քաղավիացիայի հաղորդագրությունում։
Հայաստանը պետք է շարունակի համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությունը ԵՄ ավիացիոն կանոնակարգին եւ չափանիշներին՝ համաձայնագրի դրույթներին համահունչ։