Նոյեմբերի 7-ի հարցազրույցում Փաշինյանը պնդում էր, որ 44-օրյա պատերազմի ու պարտության հանգամանքներն ուսումնասիրող ապագա հանձնաժողովն անպայման պետք է անդրադառնա բանակցային ողջ գործընթացին՝ 1994-ից սկսած։ «Ինձ համար շատ կարեւոր է, որպեսզի արձանագրվի, թե 2018 թվականին մենք բանակցային գործընթացը ինչ վիճակում ենք ժառանգել»,- ասաց նա։ Այս մասին նա հաճախ է խոսում։ Նրա ցանկացած միտք ի վերջո հանգում է՝ «իսկ ինչ եմ ես ժառանգել» բացականչությանը։
Նրան թվում է՝ եթե ապագա հանձնաժողովը փաստի, որ բանակցային գործընթացում Հայաստանը տարի առ տարի կորցրել է իր ունեցած հնարավորությունները, որ փակուղում է հայտնվել, որ մի պահից բանակցություններում թելադրող կողմն արդեն Ադրբեջանն է եղել, եւ ինքն, իրոք, 2018-ին ծանր ժառանգություն է ստացել, ապա կարող է իրեն փրկված համարել։ Կարող է բաց ճակատով կանգնել մեր պատմությանը դեմ հանդիման եւ ասել՝ ես մեղավոր չեմ, իրողությունը սա էր, ոչինչ անել հնարավոր չէր, ինչ պետք է լիներ՝ եղավ, մեղավորները նրանք են, որ եղել են ինձնից առաջ։
Նա չի կարողանում ընկալել, որ տարուց ավելի է արդեն՝ նշանակություն չունի բոլորովին, թե ինչ ժառանգություն է ստացել ինքը։ Այդ մասին նա կարող էր խոսել մինչեւ պատերազմն ու պարտությունը։ Իհարկե, կասկած չկա, նրա ստացած ժառանգությունը վատն է եղել։ Իհարկե, տարիներ շարունակ Հայաստանի ձեռքբերումները փոշիացվել են։ Իհարկե, պատերազմի ու պարտության տանող ճանապարհը, որով այդքան անհոգ ու այդքան անպատասխանատու սլանում էր ինքը՝ Փաշինյանը, նախկիններն են հարթել։ Սա միանշանակ է։ Բայց սրանից բոլորովին չի հետեւում, չի կարող հետեւել եւ երբեք էլ չի հետեւելու, թե ինքը դուրս է մնում մեր երկիրը դեպի պատերազմ ու դեպի պարտություն տանող շղթայից։ Չի նշանակում, թե ինքն այդ շղթայի կարեւորագույն օղակներից մեկը չէ։
Ստացած ժառանգությունը չէ կարեւոր։ Կարեւոր է, թե ինչ ես արել դու նման ծանր ժառանգություն ստանալուց հետո։ Գնահատե՞լ ես վիճակի ծանրությունը, ականջալուր եղե՞լ ես կողքից հնչող հորդորներին ու զգուշացումներին, թե՞ չես էլ փորձել կամ չես էլ կարողացել իրերի իրական դրության մեջ խորամուխ լինել։ Շարունակել ես հին ճանապա՞րհը, որով գնում էին քեզնից առաջ եղածները, թե՞ ջանք չես խնայել, որ այդ վատ ժառանգության վտանգավոր հետեւանքները չեզոքացնես։ Հասկացե՞լ ես, թե ինչ սոսկալի արհավիրք է պատերազմը։ Այն կանխելու ուղղությամբ քայլեր ձեռնարկե՞լ ես։ Փորձե՞լ ես հակառակորդի հետ առարկայական զրույցի գնալ, հաշտության եզրեր փնտրել, թե՞ ներքին լսարանում ծափահարություններ կորզելու մոլուցքին տրված՝ հին ընթացքը, որ կար քեզնից առաջ, իր տրամաբանական վախճանին ես հասցրել։
Ինչ հանձնաժողով էլ ստեղծվի, բանակցային գործընթացի վերաբերյալ, պատերազմի ու պարտության վերաբերյալ, ինչ եզրակացություն էլ լինի, մեր անցած 30-ամյա ողջ պատմության վերաբերյալ որքան ճչացող փաստեր էլ հրապարակի, Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի մասին ինչ նոր ու հին, իրական ու մտացածին դրվագներ էլ պարզվեն, ինչ հին ու նոր մեղքեր էլ վեր հանվեն, ու ինչ նոր մեղադրանքներ էլ նրանց ներկայացվեն, միեւնույնն է, չեն կարող դրանք Փաշինյանի համար փրկօղակ ու արդարացում դառնալ։ Մեղմել նրա մեղքը չեն կարող։
Միամտություն է հուսալ, թե այլոց սխալները եւ մեղքերը, որքան էլ դրանք ծանր լինեն, կկոծկեն քո սխալներն ու քո մեղքերը եւ քեզ կարդարացնեն։
Քեզնից առաջ եղածների թողած ժառանգության մասին խոսելուց առաջ մի պահ պետք է կանգ առնել ու մտածել, թե ինչ ժառանգություն ես թողնելու ինքդ։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։