Կիրակի Չեխովի փողոցում կենդանիներն ու գունագեղ փետուրներով թռչունները պատահականության բերումով նոր տերերի են գտնում:
Դիտելով թռչունների երկար կտուցներն ու «հովհարները»` դժվար է ենթադրել, թե նոր տիրոջից ինչ ակնկալիքներ ունեն` լայն եւ ապահով վանդակնե՞ր, թե՞ թռչելու նոր հորիզոններ:
Վաճառողները, որոնք նաեւ վանդակներ են պատրաստում, վիճում են. մի քանիսը պնդում են, թե ցինկապատ մետաղալարերը թունավոր են, մյուսներն էլ համոզված են, որ վանդակը պետք է ունենա կերակուրի եւ խաղալիքների համար հատկացված դարակներ:
Կիրակին բարեհաջող չէ թութակների համար: Նրանք լսում, բայց չեն հասցնում սերտել կարճ եւ երկար բառերը, քանի որ զրույցի թեմաներն արագ փոխվում են։
Տուփերի ու տոպրակների արանքներով իրար հետեւից անցնում են զարմացած ու զննող հայացքներ: Ճագարավաճառը ճագարների հետ շփվում է ձայնային ազդակներով: Իսկ Այնթափ գյուղից հասարակական տրանսպորտով չորս աքլորին տեղափոխած կինը օրվա վերջում նորից չորս աքլորով տուն է վերադառնում: Կինը ձեռնունայն վերադառնում է, իսկ աքլորները սովորում են երկարատեւ անշարժ նստելու ռեժիմին: