ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը նոյեմբերի 16-ին ՀՀ արեւելյան սահմանագոտու ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ-ի հարձակման հետեւանքով հայ զինծառայողների զոհվելու եւ գերեվարվելու մասին տեղեկությունները խիստ մտահոգիչ է համարել:
Մենենդեսը շեշտել է, որ ԱՄՆ կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցությունը նպաստում է հնարավոր դարձնել էթնիկ հայերի դեմ ուղղված հրեշավոր գործողությունները:
«Ժամանակն է ընդունել իմ առաջարկած փոփոխությունը ռազմական օգնությունը դադարեցնելու մասին»,-նշել է Բոբ Մենենդեսը, որն ավելի վաղ ԱՄՆ կոնգրեսի երկու բանաձեւ էր ներկայացրել Թուրքիային եւ Ադրբեջանին սպառազինությունների վաճառքը դադարեցնելու կոչով:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մի քանի տասնյակ անդամներ եւս դեռ այս տարվա մայիսին միացել էին կոնգրեսական Դեւիդ Վալադաոյի՝ նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմին ուղղած կոչին՝ հորդորելով դադարեցնել ԱՄՆ-ի որեւէ տեսակի ռազմական աջակցությունն Ադրբեջանին: