ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիսթինե Վայգանդի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանամերձ եւ վերջին պատերազմի հետեւանքով սահմանամերձ դարձած համայնքներում երեխաների իրավունքների պաշտպանության վիճակին, հատկապես կրթության իրավունքի իրացմանն առնչվող խնդիրները։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական անօրինական սահմանային ու մաքսային վերահսկողության հետեւանքով երեխաների իրավունքների խախտումները, մասնավորապես կրթության իրավունքի խախտումը։ Արման Թաթոյանը նշել է, որ որոշ հատվածներում ադրբեջանական զինված ծառայողները տեղակայված են դպրոցների անմիջական հարեւանությամբ, ինչը բացարձակ անընդունելի վիճակ է եւ հակասում է երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային պահանջներին։
Կարեւորվել է երկու հաստատությունների՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ ՀՀ ՄԻՊ գրասենյակի միջեւ հետագա համագործակցությունը երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում եւ երեխաների պաշտպանությանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը:
Դրանց թվում Պաշտպանն առանձնացրել է արտահերթ հրապարակային «Հայաստանի Հանրապետության կողմից երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով եւ կից արձանագրություններով սահմանված պարտավորությունների կատարման վիճակի վերաբերյալ» զեկույցի պատրաստումը: