ՀՀ Կառավարության այսօր ընդունած որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարությանը հատկացվել է լրացուցիչ 1.2 միլիարդ դրամ գումար։ Որոշումն ընդունվել է առանց զեկուցման ու քննարկման, միաձայն քվեարկությամբ։
Գումարը նախատեսված է կորոնավիրուսային վարակի արագ կանխարգելման, վերահսկման, բուժման եւ հաղթահարման նպատակով իրականացվող միջոցառումների համար։ 530 միլիոն դրամը փոխանցվելու է բժշկական կենտրոններին` սեպտեմբերին եւ հոկտեմբերին մատուցված ծառայությունների դիմաց։ Ընդ որում` 150 միլիոն դրամը` սեպտեմբերի, 380 միլիոնը՝ հոկտեմբերի համար։
625 միլիոն դրամը կորոնավիրուսի դեմ պատվաստումներ իրականացնող բուժանձնակազմի լրավճարներն են (520 միլիոնը` հոկտեմբերին, 105 միլիոնը` սեպտեմբերին):
Բացի դրանից` նույն ժամանակահատվածում ՀՀ-ն չինական «Սինոֆարմ» ընկերությունից 100000 հատ ՊՇՌ թեստ է գնել, որի արժեքը կազմել է 97 միլիոն դրամ, իսկ տեղափոխումը` Պեկին-Մոսկվա-Երեւան` 8 միլիոն դրամ։
Այսպիսով` միայն վերջին երկու ամսում ՀՀ–ն կորոնավիրուսի դեմ պայքարում ծախսել է 1 միլիարդ 260 միլիոն դրամ, որը կառավարության այսօրվա որոշմամբ առաջիկայում կփոխանցվի առողջապահության նախարարությանը։