ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներն այսօր Երեւան կժամանեն: Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերը Երեւանում կանցկացվեն նոյեմբերի 18-19-ին՝ օրվա երկրորդ կեսին: Նրանք կքննարկեն մի շարք հարցեր, որոնց թվում՝ փոխադարձ առեւտրի կազմակերպումը։ Մասնակիցները սկզբում նեղ, ապա ընդլայնված կազմով կքննարկեն ինտեգրացիոն գործընթացների զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր:
ԵԱՏՄ երկրների վարչապետները կքննարկեն ԵԱՏՄ մետաղագործական ձեռնարկությունների հումքային ապահովման եւ ռազմավարական կարեւորություն ունեցող դեղերով եւ բժշկական կիրառման համար դեղագործական նյութերով Միության պետությունների ապահովվածության բարձրացման միջոցառումների ծրագիրը:
Օրակարգում են նաեւ ԵԱՏՄ երկրների միջեւ փոխադարձ առեւտրի վիճակի, ագրոարդյունաբերական համալիրի զարգացման համատեղ կանխատեսումների, փոխադրումներին հետեւելու համար ԵԱՏՄ-ում նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրի վրա աշխատանքի, ԵԱՏՄ կենսաբանական անվտանգության մասին հարցերը:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նախորդ նիստը տեղի է ունեցել օգոստոսին Ղրղզստանում։ Բարձրացվել է ԵԱՏՄ շրջանակում էներգակիրների ընդհանուր շուկայի ստեղծման հարցը։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015-ի հունվարի 1-ից: Միության անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը: