ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այսօր ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ-ի կոլեգիայի նիստում, անդրադարձել է նաեւ հայ-ադրբեջանական սահմանին գրանցված միջադեպերին։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած փոխհրաձգությունները ցույց տվեցին, որ այս տարածաշրջանում իրավիճակը դեռ մինչեւ վերջ չի հանդարտվել, և աճում է ռուսական դիվանագիտության դերը հետագա կարգավորման համար:
ՌԴ նախագահը հիշեցրել է, որ մեկ տարի առաջ Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի շնորհիվ կանգնեցվել է պատերազմը Լեռնային Ղարաբաղում։
«Կայունության ապահովման մեջ մեծ դեր են խաղում ռուսական խաղաղապահ զորակազմի ջանքերը՝ որպես հրադադարի ռեժիմի հաստատման եւ խաղաղ բնակչության անվտանգության երաշխավորի»,- ընդգծել է Վլադիմիր Պուտինը:
«Իմ կարծիքով, կարգավորման հեռանկարները վատը չեն։ Իրականում տարածաշրջանի բոլոր երկրները շահագրգռված են՝ գտնելու այս հարցերի երկարաժամկետ լուծումը»,- ասել է Ռուսաստանի նախագահը։