Ըստ «Փաստինֆո» գործակալության՝ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության պետի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը հայտնել է, որ Ադրբեջանում հայ ռազմագերիների թվում կա մեկ վիրավոր, որը շտապ վիրահատման կարիք ունի։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ նոյեմբերի 16-ին Սյունիքում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բախումների հետեւանքով 13 զինծառայող է գերեվարվել։
Ըստ Ավագյանի՝ այդ 13 զինվորականներից մեկը վիրավոր է, եւ քանի որ նրան այդ վիճակում հնարավոր չէ Հայաստան տեղափոխել, որոշվել է միջամտությունն իրականացնել Ադրբեջանում:
«Որքան գիտեմ, պայմանավորվածություն է ձեռք բերվել զինվորին վիրահատելու, առողջական վիճակը կայունացնելու, որպեսզի թույլատրելի լինի նրա տեղափոխումը։ Ադրբեջանական կողմը խոստացել է ռուսական կողմին վերադարձնել զինծառայողին»,- նշել է Ավագյանը։
Ավագյանը հավելել է, որ բանակցություններ են ընթանում բոլոր 13 ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ։
Ինչ վերաբերում է 24 զինծառայողներին, որոնց հետ կապը կորել էր նոյեմբերի 17-ի մարտական գործողությունների ընթացքում, դեռևս ոչինչ հայտնի չէ։