Էն, ինչ սկզբում կպատմեմ, գլուխգովանություն չէ, այլ ընդամենը հուշ՝ եզրակացությունների համար։
Ուղիղ քառասուն տարի առաջ՝ 1981 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին՝ խորհրդային բանակում ծառայությանս ընթացքում, ես մասնակցում էի շատ խոշոր զորախաղերի։ Արդեն մեկ տարուց ավելի ծառայում էի, բազմաթիվ զորախաղեր եղել էին՝ վաշտային, գումարտակային, անգամ գնդային։ Բայց էս մեկն իսկապես (մարդ վախենում է էս բառն օգտագործի) աննախադեպ էր։ Ամբողջ դիվիզիան էր հանվել ոտքի, իսկ բուն զորախաղերին պիտի ժամաներ նաեւ Հեռավորարեւելյան ռազմական օկրուգի հրամանատար, բանակի գեներալ Իվան Տրետյակը։
Ճիշտ է, 20 օր ուսուրական ձյունապատ տայգայում եւ ցեխոտ հարթավայրերում ամեն դետալը մանրամասն պարապել-հղկել էինք, սակայն այն, ինչ կատարվում էր բուն զորախաղերի օրը, վեր էր մեր ամեն պատկերացրածից։
Զորախաղերն առավելագույնս մոտեցված էին իրական ճակատամարտի։ Ամեն ինչ մարտական էր՝ մեր փամփուշտները, նռնակները, հետեւակի մարտական մեքենայի (БМП) եւ հրետանու արկերը, ավիացիայի նետած ռումբերն ու բաց թողած հրթիռները, տանկերի կրակոցները… Իրական ճակատամարտից միակ տարբերությունն այն էր, որ դիմացդ թշնամի չէր, այլ անշունչ թիրախներ եւ մարդկային խրտվիլակներ էին, որոնք պետք էր խոցել։
Նորից ասեմ՝ գլուխգովանության համար չեմ պատմում սա, այլ որպեսզի կատարեմ մի կարեւոր արձանագրում։ Այդ «ճակատամարտում» ես ու իմ ընկերները ո՛չ հերոս ենք եղել, ո՛չ էլ վախկոտ։ Սակայն նույնիսկ այդ պարագայում, երբ դիմացդ թշնամի չկար, միեւնույնն է, մենք (վստահաբար կարող եմ ասել՝ բոլորս) որոշակի վախ ունեինք։ Վախ, որ հանկարծ հրետանին չսխալվի, ինքնաթիռը ռումբը մի քանի մետր էս կողմ չգցի, ուղղաթիռից արձակված հրթիռը թիրախին հասնի եւ ոչ թե հանկարծ սխալմամբ դիպչի մեր БМП-ին, ընկերոջդ նետած նռնակը շատ մոտիկ չպայթի (ի դեպ նման բան եղավ. մեր վաշտի երկվորյակ եղբայրներից մեկի սխալ նետած նռնակի բեկորը թեթեւ վիրավորեց մյուս եղբորը)։ Եվ էլի լիքը նման պատճառներ։
Այդ զորախաղերի ժամանակ ես տեսել եմ նաեւ ինչ-որ պատրվակով զորանոցում մնացածների, բայց չեմ էլ մտածել մեղադրել նրանց։ Հնարավոր է՝ նրանք վախը նախապես էին ունեցել։
Ինձ թվում էր, թե մեկ տարվա ծառայության ընթացքում (նրանք, ովքեր ծառայել են մոտոհրաձգային զորամասում, գիտեն, թե դա ինչ է) արդեն սպանել եմ բոլոր վախերս։ Բայց պարզվեց՝ էնքան էլ էդպես չի։
Ուզում եմ ասել՝ վախը մարդկային զգացում է, եւ մեզնից ոչ մեկը չգիտի, թե կոնկրետ իրավիճակում ինքն իրեն ինչպես կպահի։
Եվ այս զորախաղերը ինձ մտորելու շատ բաներ տվեցին։ Օրինակ, իսկ եթե թիրախ չլիներ, այլ կենդանի մարդ, թեկուզ թշնամի, կկարողանայի՞ կրակել։ Իսկ եթե թշնամի լիներ, ու ես չկրակեի, կկարողանայի՞ ողջ մնալ։ Իսկ եթե վիրավորվեի՞, իսկ եթե թշնամի լիներ, եւ ես գերի ընկնեի՞։
Ի վերջո (ամենա-ամենա-ամենա մտորումս), ո՞րն է հերոսության եւ վախի սահմանը։ Եվ արդյո՞ք այսպես կոչված հերոսությունը հաճախ հենց վախով պայմանավորված չէ։
Եվ եթե մենք հերոսություն ենք համարում վերջին փամփուշտով ինքնասպանություն գործելը, ապա չե՞նք արդարացնում գերեվարվելուց վախը (հնարավոր է, չէ՞, որ հենց գերեվարվելու վախից կամ դատվելու հեռանկարից ինքնասպանություն գործեն)։ Գերի ընկնելով՝ դու ողջ ես, դու դեռ կարող ես հետո էլի պայքարելու եւ հերոսանալու հնարավորություն ունենալ։
Հիմա ես չեմ կարող դատապարտել կամ հերոսացնել էն զինվորին, որ վերջին փամփուշտով ինքնասպանություն է գործում։ Չեմ էլ կարող պնդել, թե նրան առաջնորդում էր գերեվարվելու վախը։ Բայց ինքնասպանությունը նրա ընտրությունն է եղել։
Բայց եւ չեմ կարող դատապարտել նաեւ նրան, ով մինչեւ վերջին փամփուշտը կրակում է, գուցե մի քանի թշնամի եւս ոչնչացնում, հետո գերի ընկնում կամ անգամ հանձնվում՝ աչքի առաջ ունենալով գերության ողջ սարսափը։ Դա էլ նրա ընտրությունն է եղել։
Իսկ ոմանք ուզում են, որ առաջինը համարվի հերոս, երկրորդը՝ վախկոտ։
Սակայն վախից եւ հերոսությունից անդին մարդն է՝ կանգնած թշնամու դիմաց, եւ մենք չենք կարող դատել նրա արարքների մասին, քանի ինքներս չենք հայտնվել նույն իրավիճակում։
Երկուսն էլ մերն են։ Երկուսն էլ սիրելի են։
Հ․ Գ․ Այո՛, այս հոդվածը գրել եմ ԱԺ նոյեմբերի 17-ի նիստում Նիկոլ Փաշինյանի՝ գերիների մասին հակամարդկային հայտարարության վերաբերյալ ոչ անհայտ Արծրուն Հովհաննիսյանի՝ իբր թե հանուն հերոսության, իրականում՝ ընդդեմ գերիների եւ հանուն վարչապետին հաճոյանալու արված գրառմանն ի պատասխան։ Այսուհանդերձ, նույն Արծրուն Հովհաննիսյանի անձին չանդրադարձա եւ չեմ անդրադառնալու։ Իմաստ չունի։ Հայ հասարակությունը 2020 թվականի նոյեմբերյան կապիտուլյացիոն ակտից հետո դույն պարոնին ասել է հայերենում եւ օտար լեզուներում առկա բոլոր հնարավոր ու անհնար «քնքուշ» բառերն ու արտահայտությունները։ Ինքս նման խոսքերը հրապարակային ասելուն դեմ եմ։ Իսկ ինքը՝ Արծրունը, եթե արժանապատվության մասին դույզն-ինչ պատկերացում ունենար, առնվազն պիտի լռեր (չեմ ասում ինքնասպանություն գործեր, որովհետեւ դրան էլ դեմ եմ)։ Եվ դա էլ կլիներ նրա հերոսությունը։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։