ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի ու Աֆղանստանի քաղաքացիներին տեղափոխող ինքնաթիռները վայրէջք են կատարել մերձմոսկովյան «Չկալովսկի» օդանավակայանում:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ուղեւորները մաքսային ու հակահամաճարակային հսկողություն են անցել:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ից հայտնել էին, որ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով Աֆղանստանից դուրս կբերվի ավելի քան 380 մարդ՝ Ռուսաստանի Դաշնության, ՀԱՊԿ անդամ պետությունների (Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի), ինչպես նաեւ Ուկրաինայի եւ Աֆղանստանի քաղաքացիներ:
Տարհանումը կազմակերպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ:
Ստեղծվել է ռազմատրանսպորտային ավիացիայի երեք ինքնաթիռից բաղկացած ավիախմբավորում, որն Աֆղանստանի բնակչության համար 36 տոննա մարդասիրական բեռ է հասցրել Քաբուլ: Յուրաքանչյուր ինքնաթիռում եղել են ռազմական բժիշկների բրիգադներ՝ անհրաժեշտ սարքավորումներով ու դեղորայքով։
Տարհանման նախորդ չվերթն իրականացվել էր օգոստոսի 25-ին։ Այդ ժամանակ ռուսական օդատիեզերական ուժերի չորս ինքնաթիռները տեղափոխել էին Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի շուրջ 400 քաղաքացու։