Հույն փիլիսոփա Պլատոնն ասում էր. «Եթե կոշկակարը վատ արհեստավոր լինի, պետությունը դրանից քիչ կտուժի, քաղաքացիները միայն վատ հագնված կլինեն: Բայց եթե ուսուցիչը վատ կատարի իր աշխատանքը, երկրում կհայտնվեն տգետների եւ վատ մարդկանց ամբողջ սերունդներ»:
Իսկ թե որոնք են այսօր ուսուցիչների առջեւ ծառացած խնդիրներն ու մարտահրավերները, որոնք են կրթության տեսական մոդելները, քննարկում են փորձագետները եւ ուսուցիչները «Կրթության զարգացման եւ նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի կազմակերպած սեմինարների ընթացքում:
ԿԶՆԱԿ հիմնադրամը նպատակ ունի խթանելու կրթության ոլորտի արդիականացումը, աշակերտների կրթության ապահովումը, կրթական մասնագիտական ներուժի զարգացումը: Դրան են ուղղված ուսումնաօժանդակ նյութերը, որոնք տեղադրվում են հիմնադրամի կայքէջում եւ նպաստում դասապրոցեսի արդյունավետ կազմակերպմանը, ուսուցիչ-աշակերտ համագործակցությանը:
Հիմնադրամը համակարգում է կրթության բովանդակության վերլուծության, մասնագիտական զարգացման, նորարարության եւ մեթոդական ծրագրերի մշակման, փորձաքննությունների կազմակերպման աշխատանքները: Կազմակերպվում են տարբեր առարկաներին վերաբերող սեմինարների շարքեր, որոնք միավորում են Երեւանի եւ մարզերի մի շարք ուսուցիչների ու մանկավարժների:
Այժմ շարունակվում է «Արդի կրթական մոտեցումներն ըստ չափորոշչահեն ուսումնառության» թեմայով սեմինարների շարքը: Պատմագիտության դոցենտ, կրթական նորարարությունների բաժնի պետ Լիլիթ Մկրտչյանը զբաղվում է կրթական հիմնախնդիրների եւ բարեփոխումների ուսումնասիրությամբ:
«Կրթությունը պետական քաղաքականություն է, չկա լավ եւ վատ կրթություն, կարեւոր է, թե կրթության առջեւ ինչ նպատակ է դրված, դա սահմանում է պետությունը: Պետության ռազմավարությունից է բխում իր քաղաքականությունն առհասարակ: Իսկ հանրակրթական պետական չափորոշիչը կրթության կարեւորագույն փաստաթուղթն է, եւ այն պետք է դառնա աշխատանքային գործիք յուրաքանչյուր ուսուցչի համար: Այն ես անվանում եմ «Կրթության Սահմանադրություն» , դրանից են բխում առարկայական պետական չափորոշիչները»,- ասում է Լիլիթ Մկրտչյանը:
Կրթական գործընթացն արդյունավետ դարձնելու համար կարեւոր են դասապրոցեսի պլանավորումը, նպատակների, խնդիրների եւ վերջնարդյունքների սահմանումը: 2023 թվականից գործելու են հանրակրթական պետական չափորոշիչները, եւ ըստ դրա վերջնարդյունքները համարվելու են պարտադիր:
Սեմինարներ են կազմակերպում ԿԶՆԱԿ-ի գնահատման մշակման եւ զարգացման, ուսումնական հաստատությունների զարգացման կառավարման, կրթական նորարարությունների բաժինները: Հաշվի են առնվում ժամանակակից խնդիրները կրթության ոլորտում: Ի՞նչ է պետք, ինչի՞ կարիքն ունեն ուսուցիչները եւ աշակերտները:
«Շատ հաճելի էր աշխատել այն խմբի հետ, որտեղ ուսուցիչը ինքնակրթվող է, հմուտ եւ իր զարգացման համար մտահոգ: Օրինակ՝ հենց այսօր ներկայացվեց Գարդների մանկավարժական տեսությունը, ըստ որի՝ մտածողությունը լինում է բազմազան: Ուրախությամբ պետք է նշեմ, որ լսարանի մեծ մասը տեղյակ էր տեսությանը, իսկ նրանք, ովքեր տեղյակ չէին, ինքնավերլուծությամբ հանդես եկան»,- ասում է Իզաբելլա Աբրահամյանը:
Մասնակիցների թվում է «Հայ մանուկներ» բարեգործական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Մելինե Գրիգորյանը։ Նա պատրաստվում է մասնակցելու նաեւ հաջորդ ամիս կայանալիք սեմինարների շարքին, որի արդյունքում մասնակիցները կարժանանան վկայագրերի:
«Նման սեմինարները միշտ արդիական են, հատկապես կրթական չափորոշիչների խնդիրն առաջնային է: Այդ համատեքստում արդյունավետ են նաեւ վերապատրաստումները: Գիտելիքի այն ճամպրուկը, որն ինձ հետ այսօր տանում եմ, մեծ պաշար է կրթության տեսության առումով, եւ վստահ եմ, կկարողանամ իմ աշխատանքային գործունեության մեջ այն կիրառել եւ տեղայնացնել»,- ասում է Մելինե Գրիգորյանը:
ԿԶՆԱԿ-ն այժմ նոր նախագիծ է իրականացնում, համագործակցության հուշագրեր են կնքվել բուհերի հետ, համաձայն որոնց՝ ուսանողները փորձաշրջան են անցնում հիմնադրամում: Փորձնակները հնարավորություն ունեն մասնակցելու նաեւ նման սեմինար-քննարկումներին:
Ալմաստ Մուրադյան