ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Երեւանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի իր ելույթում հայտարարել է, թե վստահ է, որ Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ փոխգործակցության ձեւաչափերը պահանջված կլինեն նաեւ Եվրասիական տնտեսական միությունում:
ՌԴ կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ բոլորովին վերջերս Ռուսաստանն ու Բելառուսն ինտեգրման ճանապարհի կարեւոր փուլ են անցել։ Նա նշել էր, որ միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի եւ 28 միութենական ծրագրերի իրականացման հիմնական ուղղությունները հաստատվել են։
Ընդհանուր առմամբ, ըստ Միշուստինի՝ Եվրասիական տնտեսական միությունը բաց է օտարերկրյա գործընկերների հետ երկխոսության համար։ Ներկայում ընդլայնվում է ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագրի գործողության աշխարհագրությունը։
Մասնավորապես, ըստ ՌԴ վարչապետի՝ շարունակվում են բանակցությունները Եգիպտոսի, Իսրայելի, Հնդկաստանի, Իրանի հետ։ Ակտիվ աշխատանք է տարվում Ինդոնեզիայի եւ Մոնղոլիայի հետ, ամրապնդվում է փոխգործակցությունը Չինաստանի հետ՝ հաշվի առնելով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը։