Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինն այսօր Երեւանում Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ հայտարարել է, որ 2015-ից հետո, երբ մեկնարկեց Եվրասիական տնտեսական միության աշխատանքը, ԵԱՏՄ երկրների միջեւ առեւտրային խոչընդոտների շուրջ 80%-ը վերացել է:
Մամինը հավելել է, որ մնացած խոչընդոտները հետեւողականորեն կվերացվեն, եւ որ այդ նպատակով կազմվել է մինչեւ 2023 թվականի ժամանակացույցը:
Ղազախստանի վարչապետն ընդգծել է, որ ամրապնդվում է նաեւ առեւտրի ֆիզիկական ենթակառուցվածքը։ Մասնավորապես Ղազախստանը շարունակում է կառուցել Դարբազ-Մաքթաարալ երկաթգիծը Ուզբեկստանի հետ կապ ունենալու համար, ընդլայնվում է Չինաստանի սահմանին գտնվող Դոստիկ սահմանային կետը:
Այս ամենը թույլ կտա ստեղծել Չինաստան-Եվրոպա ցամաքային միջանցք, որը կարող է ավելի արագ ու հուսալի լինել, քան ծովը: Ըստ Ղազախստանի վարչապետի` առեւտրի առումով վերնշյալ փաստը կարեւոր է ԵԱՏՄ բոլոր երկրների համար: