Նոյեմբերի 16-ի մեկօրյա պատերազմը դեռ կրկնվելու է, բազմաթիվ այդպիսի մեկօրյա պատերազմներ են մեզ սպասում։ Ու հենց այն պատճառով, որ Հայաստանը դիմադրում է միջանցքին։ Ու ամեն անգամ այդ պատերազմները կանգնեցվելու են հենց այն դիրքերում, որոնք գրավելու է Ադրբեջանը։ Ու այդպիսի մինիպատերազմներում ավելանալու են մեր գերիները։
Մղձավանջը կանխատեսելի է արդեն այսօր։ Որովհետեւ Ադրբեջանի պլանները հասկանալի են։ Նա գնում է սեփական ուժերով միջանցք բացելու ուղղությամբ։ Նա ոչ մեկի համաձայնությունը չի հարցնում։ Էականն այն է, որ միջազգային ոչ մի կառույց չի դիմադրում։ Իսկ տեխնիկապես ինչպե՞ս է դա տեղի ունենալու։ Ադրբեջանն առաջանում է Սիսիանով եւ հասնում մինչեւ Նախիջեւան։ Բացում է այդքան «բաղձալի» միջանցքն, ու Հայաստանը հայտնվում է մի իրականությունում, երբ ինքն է Ադրբեջանից միջանցք աղերսելու Սյունիք մտնելու համար։ Եվ կիրականանա մարգարեի ասածը, թե «դեռ 5-10 տարի բանակցություններ կվարենք ոսոխի զորքը Զանգեզուրից (Սյունիքից-Մ․ Ա․) դուրս բերելու հարցի շուրջ»։
Ադրբեջանը չի ուզում ժամանակ կորցնել, չի ուզում կրկնել մեր սխալները։ Նա երկաթը տաք-տաք է ծեծում։ Հայաստանը առաջիկա տարիներին դեռ պիտի հստակեցնի, թե որն է այսպիսի զարգացումների գինն իր համար՝ պատրա՞ստ է Սյունիքը տեսնելու Նախիջեւանի կարգավիճակում։ Արժե գոյություն չունեցող բանակով գնալ այս մղձավանջին ընդառաջ։
Իսկ ինչո՞ւ Ադրբեջանի այս ագրեսիան չի ընկալվելու որպես հայ-ռուսական ռազմական պայմանագրի թեմա։ Չի ընկալվելու, որովհետեւ պայմանագիրն անելանելի վիճակների համար է, երբ բանակցություններով հնարավոր չի լինի հարցեր լուծել։ Իսկ Ադրբեջանը հաստատ «տրամադրված» է լինելու բանակցությունների։ Նա ընդունելու է, որ մտել է Հայաստանի տարածք եւ զբաղեցրել անվտանգության գոտի Նախիջեւանի հետ կապն ապահովելու համար։ Թերեւս հենց այս գնով էլ Ադրբեջանը ստանա Հայաստանի գրավոր եւ անբեկանելի համաձայնությունը, եւ Հայաստանն Ադրբեջանին տրամադրի միջանցք, որն ամբողջությամբ լինելու է Ադրբեջանի սուվերեն իշխանության տարածք։
Սրան ի՞նչ է հակադարձելու Հայաստանը։ Անձամբ ես չեմ կարող ասել։ Այսինքն՝ պե՞տք է հենց այս գլխից Փաշինյանը քարը փեշից թափի ու համաձայնի տալ Ադրբեջանին այդ միջանցքը՝ առանց առաջիկա պատերազմներում կրելիք պարտությունների։ Դարձյալ չգիտեմ։ Հավանաբար այս հարցը պետք է լուծվի հանրաքվեով։ Ռուսաստանը Հայաստանի համար հաստատ զորք չի հանի Ադրբեջանի դեմ։ Նա արդեն Ադրբեջանի «դեմ» զորք հանել է Ղարաբաղում իր «խաղաղարար» ներկայությամբ։
Զուտ իրավական առումով Ռուսաստանի կարգավիճակը Ղարաբաղում անհասկանալի է, հասկանալի է հումանիտար առումով։ Եվ գուցե նաեւ այդ պատճառով Ռուսաստանը եւ միջազգային հանրությունը դեմ չլինեն, որ Ադրբեջանը նույնքան անհասկանալի, բայց «հումանիտար» ներկայություն ունենա Հայաստանում։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: