ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ հայ-իրանական համատեղ աշխատանքային խումբն ուսումնասիրել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության հետեւանքով Արաքս գետի հնարավոր աղտոտման հարցը։
Աբրահամյանը նշել է, որ Մեղրիի համայնքապետարանում տեղի ունեցած համատեղ խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել է նաեւ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության տնօրենը, քննարկվել են կոմբինատի գործունեության ընթացքում առաջացող կեղտաջրերի մաքրման, ինչպես նաեւ դրանց՝ դեպի Արաքս գետ հոսքը կանխելու ուղղությամբ ընկերության իրականացրած աշխատանքները։
Նա ընդգծել է, որ ընկերության տնօրենության առաջարկով այցելել են կոմբինատի պոչամբարի տարածք, տեղում ուսումնասիրվել է հարստացուցիչ ֆաբրիկայի գործունեության մեջ օգտագործվող ջրերի շրջանառության համար նոր շահագործման հանձնված փակ համակարգը, ներկայացվել են կեղտաջրերի հոսքը դեպի Արաքս գետ կանխելու ուղղությամբ ընկերության իրականացրած միջոցառումները:
Այցելության ընթացքում աշխատանքային խումբն արձանագրել է, որ կոմբինատը կատարել է ջրերի շրջանառության փակ համակարգի ներդրման պարտավորությունը, գետի աղտոտման, կեղտաջրերի արտահոսքի դեպքեր չեն արձանագրվել:
Կողմերը համաձայնություն են ձեռք բերել շարունակելու համագործակցությունը եւ իրականացնելու տարածաշրջանում լեռնահարստացման գործունեության հետեւանքով շրջակա միջավայրին հասցվող վնասը նվազագույնի հասցնելու ուղղությամբ հնարավոր բոլոր միջոցառումները, դրանց թվում՝ հետագայում ցանկացած պահի համապատասխան նմուշառումների միջոցով: