Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Դավիթ Զալկալիանին խորհրդարանում հայտարարել է, որ Վրաստանը չի մասնակցի «3+3» խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմի նախագծին՝ համարելով, որ այն աշխարհաքաղաքական նշանակություն ունի։
«Ես հանդիպումներ եմ ունեցել ինչպես թուրք, այնպես էլ ադրբեջանցի գործընկերների ու հայ գործընկերոջ հետ։ Նաեւ այն ժամանակ, երբ Իրանի արտգործնախարարը Վրաստանում էր։ Մեր դիրքորոշումը պարզ է նրանց»,– շեշտել է Վրաստանի արտգործնախարարը։
Զալկալիանին նշել է, որ Թբիլիսին չի մասնակցի նման աշխարհաքաղաքական նախագծին։ Հիմնական պատճառը Ռուսաստանի մասնակցությունն է։ Վրաստանի արտգործնախարարը պարզաբանել է, որ դրա մասին խոսել է թուրք եւ ադրբեջանցի գործընկերների հետ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Միեւնույն ժամանակ Վրաստանի արտգործնախարարը համարում է, որ այլընտրանք կարող է դառնալ իրենց առաջարկած ձեւաչափը` Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի մասնակցությամբ երեքի հարթակը։
«Մենք չունենք ամբիցիաներ, որպեսզի մեր հարթակի շրջանակում քննարկենք քաղաքական բնույթի կամ սահմանազատմանն ու սահմանագծմանն առնչվող հարցեր։ Խոսք կարող է լինել միայն ենթակառուցվածքային հարցերի, տնտեսական, տրանսպորտային նախագծերի մասին»,– ընդգծել է Զալկալիանին։
Նա պարզաբանել է, որ կարող են քննարկվել նաեւ նավահանգիստների աշխատանքին, լոգիստիկային, երկաթուղային ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր, այսինքն՝ հարցերի լայն շրջանակ։
Վրաստանի արտգործնախարարը նշել է, որ իրենց նպատակը հարեւաններին այնպիսի տնտեսական նախագծեր առաջարկելն է, որոնց շնորհիվ հնարավոր կլինի թուլացնել լարվածությունը տարածաշրջանում, խաղաղություն հաստատել միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում։
«3+3» ձեւաչափը Հարավային Կովկասի երկրների եւ դրանց հարեւանների` Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի մասնակցություն է ենթադրում։ Այն ստեղծելու առաջարկ են արել Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները։
Մինչդեռ դեռ այս տարվա հոկտեմբերի սկզբին Վրաստանի արտգործնախարար Զալկալիանին հայտարարել էր, որ, Ռուսաստանի հետ տարաձայնություններով հանդերձ, Թբիլիսին պետք է ինչ-որ կերպ ներկայացված լինի «3+3» ձեւաչափում։ Նա նշել էր, թե Ռուսաստանի հետ միեւնույն հարթակում աշխատելը հեշտ չէ, սակայն Վրաստանը չպետք է դուրս մնա տարածաշրջանային ենթակառուցվածքների նախագծերից։