Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հիվանդանոցում բուժզննում անցնելու նպատակով ժամանակավորապես լիազորությունները փոխանցելու է փոխնախագահ Քամալա Հարիսին։
«Նախագահը առավոտյան պլանային բուժզննման կմեկնի Ուոլթեր Ռիդի բժշկական կենտրոն։ Ինչպես նախագահ Ջորջ Բուշի դեպքում 2002-ին եւ 2007-ին, ըստ ԱՄՆ սահմանադրության մեջ շարադրված ընթացակարգի, նախագահ Բայդենը կարճ ժամանակով իշխանությունը կփոխանցի փոխնախագահին»,- ասված է Փսակիի գրավոր հայտարարությունում:
Փսակին նշել է, որ օրվա երկրորդ կեսին Սպիտակ տունը բժշկական հետազոտության մասին գրավոր հաշվետվություն կհրապարակի պետության ղեկավարի առողջական վիճակի մասին:
Բայդենի՝ հիվանդանոցում լինելու ընթացքում ԱՄՆ փոխնախագահը կաշխատի Սպիտակ տան Արեւմտյան թեւի իր գրասենյակից:
Բայդենի վարչակազմի՝ ԱՄՆ-ում իշխանության գալուց ի վեր սա առաջին դեպքը կլինի, երբ ԱՄՆ-ի ղեկավարն իր լիազորությունները կփոխանցի փոխնախագահին: Առաջին անգամ ԱՄՆ-ում կին գործիչը, թեկուզ կարճ ժամանակով, իր ձեռքում կկենտրոնացնի պետության ղեկավարի լիազորությունները:
CNN հեռուստաընկերությունը, ավելի վաղ հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ փոխնախագահը բողոքում է, որ սահմանափակում են իր լիազորությունները եւ ակնհայտ ձեւական հանձնարարություններ են տալիս, որոնք չեն համապատասխանում իր իրավասություններին: Սպիտակ տունը, սակայն, հերքել է Բայդենի եւ Հարիսի լարվածության մասին լուրերը: