Եվրախորհրդարանի ավելի քան երեք տասնյակ պատգամավորներ նամակ են հղել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ հորդորելով օգտագործել բոլոր լծակները՝ կասեցնելու եւ կանխելու Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը, ինչպես նաեւ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը:
Եվրապատգամավորները նամակում հիշեցրել են, որ Ադրբեջանի զինված ուժերը նոյեմբերի 16-ին հարձակում են գործել Հայաստանի արեւելյան սահմանի երկայնքով:
«Որպես Եվրախորհրդարանի անդամներ՝ դատապարտում ենք ադրբեջանական հարձակումը եւ ներթափանցումը ՀՀ ինքնիշխան տարածք, ինչը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունը եւ լրջորեն վտանգում է փխրուն խաղաղությունը տարածաշրջանում։ Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ եւ ամբողջությամբ դուրս բերվեն Հայաստանի տարածքից»,- ասված է նամակում:
Եվրախորհրդարանի պատգամավորները նշել են, որ խորապես ցավում են հարձակման հետեւանքով մարդկային կորուստների համար։ Նրանք շեշտել են՝ ՀՀ արեւելյան եւ հարավային շրջաններում բնակչության անվտանգությունը, խաղաղ, բնականոն կյանքը եւ մարդու իրավունքները ոտնահարելուն ուղղված ցանկացած գործողություն կամ հռետորաբանություն անհապաղ պետք է դադարեցվի։
«Հորդորում ենք ԵՄ արտաքին գործողությունների ծառայությանը օգտագործել իր բոլոր լծակները՝ կասեցնելու եւ կանխելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումը, ինչպես նաեւ ռազմատենչ հռետորաբանությունը»,- շեշտել են ԵԽ պատգամավորները:
33 պատգամավորների թվում են Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասը, կիպրացի պատգամավոր Լեֆտերիս Քրիստոֆորուն, գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը, հույն պատգամավոր Եվա Կաիլին եւ այլք: