Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նոյեմբերի 19-ին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ` շարունակելով այս շաբաթ ունեցած քննարկումները տարածաշրջանում ստեղծված իրավիճակի եւ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի կազմակերպման շուրջ, որը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին Բրյուսելում:
Ըստ Եվրոպական խորհրդի պաշտոնական հաղորդագրության՝ երկու երկրների ղեկավարները համաձայնել են հանդիպել Բրյուսելում` քննարկելու տարածաշրջանային իրավիճակը եւ տարաձայնությունները հարթելու ճանապարհները բարգավաճ ու կայուն Հարավային Կովկասի համար, ինչին աջակցում է Եվրամիությունը:
Պաշտոնական Բրյուսելը նշել է, որ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցների ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները նաեւ համաձայնել են ուղիղ հաղորդակցության գիծ հաստատել պաշտպանության նախարարների մակարդակով, որը կծառայի որպես միջադեպերի կանխարգելման մեխանիզմ:
Սա կլինի Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների երկրորդ դեմ առ դեմ հանդիպումը անցած տարվա ղարաբաղյան պատերազմից հետո: Նախորդը կազմակերպվել էր Ռուսաստանի նախաձեռնությամբ եւ անցել Մոսկվայում նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ: