Հայաստանի օրվա իշխանությանը կարելի է եւ պետք է քննադատել, պահանջել հրաժարական, մեղադրել։ Նա դրան եւ ավելի խիստ վերաբերմունքի արժանի է։
Բայց 1997 թվականի հունիսի 3-ի ռուս֊ ադրբեջանական բարեկամության համագործակցության եւ փոխադարձ անվտանգության գործող պայմանագրի, 2021 թվականի հունվարի 9-ի՝ նախագահների մակարդակով ընդունած Բաքվի Հռչակագրի առկայության պարագայում Փաշինյանին կամ ԱԽ քարտուղարին պարսավել, թե «լավ չեն դիմել» կամ «ժամանակին չեն դիմել» Ռուսաստանին, կներեք՝ կա՛մ չիմացություն է, կա՛մ քաղաքական մանիպուլյացիա։
Ռուսաստանը պայմանագրային, հռչակագրային պարտավորություն ունի՝ ուժ չկիրառել Ադրբեջանի դեմ, Ռուսաստանը եւ Ադրբեջանը բարեկամ երկրներ են, պարտնյորներ։ Ովքեր կասկածում են, խնդրեմ՝ Բաքվի հռչակագիրն է, կարող են կարդալ եւ համոզվել։ Իսկ սա էլ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ անվտանգության մասին ռուս-ադրբեջանական պայմանագրի առաջին հոդվածն է՝ բնագիր ռուսերենով․ «Высокие Договаривающиеся Стороны будут развивать свои отношения как дружественные, равноправные и суверенные государства на основе доверия, стратегического партнерства и всестороннего сотрудничества. Они обязуются неуклонно руководствоваться принципами взаимного уважения их государственного суверенитета и независимости, равноправия и невмешательства во внутренние дела друг друга, неприменения силы или угрозы силой, включая экономические и иные способы давления, территориальной целостности, нерушимости границ, мирного урегулирования споров, уважения прав человека и основных свобод, добросовестного выполнения обязательств, а также другими общепризнанными нормами международного права»։
Ի դեպ, այս հոդվածը բառ առ բառ կրկնված է նաեւ համանուն հայ-ռուսական պայմանագրում։ Տարբերությունն այն է, որ հայ-ռուսականը հաջորդել է ռուս-ադրբեջանականին՝ երկամսյա ուշացումով։ Եվ ամենեւին էլ պատահական չէ, որ այդ պայմանագրերը կնքվել են ԼՂ կարգավորման բանակցային գործընթացի, թերեւս, ամենահուսադրող շրջանում՝ 1997-ի ամռանը։ Եվ, անկասկած, հենց այս իրողությունից էր ելնում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երբ կարգավորման ձախողման դեպքում կանխատեսում էր Ռուսաստանի վերաբերմունքի փոփոխությունը։ Բայց դա այլ թեմա է, այլ վերլուծության նյութ։ Մեջբերումը նաեւ նրանց համար է, ովքեր Ռուսաստանին այսօր մեղադրում են դաշնակցային պարտավորությունները չկատարելու մեջ։
Խնդրեմ, կարդացեք՝ հայ-ռուսական համատեղ զորախմբի ստեղծման մասին համաձայնագրի հոդված 10-ի առաջին կետն է․ «Настоящее Соглашение не направлено против третьих государств и не затрагивает прав и обязательств Сторон, вытекающих из других международных договоров, участниками которых они являются»։
Այսինքն` ռուս-հայկական համատեղ զորախմբի ստեղծմամբ Ռուսաստանի՝ այլ երկրի, տվյալ դեպքում՝ Ադրբեջանի նկատմամբ պարտավորությունները չեն դադարում։ Ռուսներն ասում են, չէ՞, որտեղ ստորագրությունդ, այնտեղ էլ գլուխդ։ Ո՞վ եւ ինչու՞է Հայաստանի գլուխը դրել նման հեղհեղուկ «անվտանգության» կառափնարանին։ Իհարկե, Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացին մեղավոր չէ, երբ Ռուսաստանից չափազանցված ակնկալիքներ է ունենում եւ հիասթափվում կամ զայրանում, երբ «ռուսները չեն գալիս, թուրքերին չեն սատկացնում»։
Մեղքը միմյանց հաջորդած երկու իշխանություններինն է, որ լռությամբ կամ ուղղորդված քարոզչությամբ նպաստել են հանրային նման տրամադրությունների գեներացմանը։ Մեղքը Փաշինյանինն է, որ «թավշյա հեղափոխությունից» հետո կա՛մ չի խորացել նման «մանրուքների» մեջ, կա՛մ խորացել, իրավիճակի զգայունությունը գիտակցել է, բայց հանրությանը համապատասխան ուղերձ հղելու քաջություն չի ունեցել եւ չունի նաեւ այսօր։
Թե չէ գոնե Ռուսաստանի նկատմամբ իր թիմակիցների պոռոտախոսությունները կզսպեր։ Սա թեստ է նաեւ նրանց համար, ովքեր Ֆրանսիային կամ ԱՄՆ-ին են օգնության կանչում։ Դու կարող ես Քրիստոսին էլ դիմել, բայց հարց է՝ իրավա-պայմանագրային ի՞նչ հիմքով պիտի Ֆրանսիան կամ ԱՄՆ-ը Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերի։
Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ չէ, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հետ ռազմական փոխադարձ օգնության պայմանագիր չունի, ոչ էլ Իրանի հետ։ Եվ ի՞նչ, հոգեխանգարմունքի՞ ենք մատնվում, մեզ պատեպա՞տ ենք խփում։
Իմա՞ստը, ի՞նչ ենք դրանից շահում։ Լավագույն դեպքում մեզ կարող են խղճալ։ Ֆրանսիայի Սենատի կամ ԱՄՆ Կոնգրեսի մեկ-երկու, լավ՝ չորս-հինգ անդամ հայտարարություն կանի։ Հետո՞։ Հետո, գուցե, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Քերոլայն Քոքսը կամ Եվրախորհրդարանից Վալերի Բուայեն մի անգամ էլ Հայաստան կամ նույնիսկ Արցախ այցելեն։ Հետո՞։ Հետո՝ ոչինչ։ Իսահակյանի արեւելյան իմաստունին հիշու՞մ եք, որը երկրի թագավորին ասում է․ «Այդ ոչինչը ես եմ, անցի՛ր ճանապարհդ»։
Այդ «ոչինչը» ռազմաքաղաքական իրականությունն է՝ պարտված երկիր, խոցելի սահմաններ, Արցախում՝ ռուս խաղաղապահ զորախումբ, որի ներկայությունն է իրենց հողում, իրենց տներում պահում 120 հազար հայերի։ Մերկ, անպարկեշտ, բայց անխուսափելի իրականության դեմ ի՞նչ «տվայտանքներ» եք խաղում, պարոնայք-ընկերներ կամ ընկերներ-պարոնայք, ի՞նչ հացկատակ պոլիտիկանություն եք բեմադրում։ Կա՛մ օրվա իշխանությանը տալիս եք ցավալի լուծումների գնալու մանդատ, կա՛մ ձեւակերպում եք ձեր պլատֆորմը՝ բաց-հրապարակային, թափանցիկ։ Այս իրավիճակում այլեւս ի՞նչ գաղտնիք։
Պատերազմի ընտրությունը բացառված է, ամենավերջին ստահակն էլ հոգու խորքում համոզված է։ Մնում է խաղաղության հնարավորինս ոչ ավելի ցավոտ տարբերակի ընտրությունը։ Բայց ո՞րն է դա, եթե ոչ այն, ինչ առաջարկում է Ռուսաստանը։ ԽՍՀՄ ժողպատգամավորների վերջին համագումարին հրավիրված էր նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, դա ԳԿՉՊ-ից մի քանի օր հետո էր։ Կարճ ելույթում Տեր-Պետրոսյանը տվեց էպոխայի գնահատականը․ «Կենտրոնը մեռած է, եւ ոչ մի վերակենդանացում նրան չի օգնի»։
Կարծում եմ, առաջին նախագահն ինձ կների, եթե նրա այդ միտքը վերագրեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը։ Մինսկի խորհրդաժողովը, գուցե, հնարավոր է «վերակենդանացնել», բայց ի՞նչ կտա դա մեզ։ Վերլուծության, քաղաքական հաշվարկի թեմա է, իսկ օրախնդիր-հրամայական առաջնահերթությունը՝ խաղաղության թեկուզ շրջանակային համաձայնության, թեկուզ մտադրությունների մասին արձանագրության, թեկուզ մի կոմյունիկեի ստորագրումը։
Մեկ անգամ էլ դիմեմ առաջին նախագահի օգնությանը՝ Հայաստանում հրդեհ է, պետք է անհապաղ մարել այն։ Մնացածը՝ հետո։ Պատմությունը մեզնով չի սկսվել եւ մեզնով չի ավարտվում։ Չի ավարտվելու․․․
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։