ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել է, որ Գորիս-Կապան եւ Կապան-Ճակատեն ճանապարհներին նոյեմբերի 11-ից եւ նոյեմբերի 15-ից առանց իրավական հիմքերի, այսպես կոչված, ադրբեջանական սահմանային ու մաքսային վերահսկողություն սահմանելուց հետո շարունակում է էլ ավելի սրվել հարակից բնակավայրերի բնակիչների իրավունքների եւ հումանիտար վիճակը:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նոյեմբերի 8-18-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Կապան-Ճակատեն ճանապարհի փակվելու պատճառով` Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերում մարդու իրավունքների վիճակով պայմանավորված։
Դեռեւս նոյեմբերի 10-ին եւ 14-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղում այցերով արձանագրել է, որ Կապան-Ճակատեն ճանապարհն անցնելիս ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում ադրբեջանական զինված ու գլխավորապես դիմակավորված ծառայողներ մոտենում են ճանապարհին՝ մայթեզրի հատվածին, եւ զենքի բացահայտ ցուցադրմամբ փորձում են ահաբեկել մարդկանց։ Այն դեպքում, երբ ճանապարհով երթեւեկում են երեխաներ, տարեցներ։ Նման հանցավոր երեւույթ արձանագրել է հենց Պաշտպանի աշխատակազմը, ինչպես նաեւ դա արձանագրվել է հենց այցի օրը՝ նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան, երբ ճանապարհի տվյալ հատվածով անցնող մեքենայի մեջ եղել են նաեւ երեխաներ։
Սրան գումարած՝ առանց այն էլ նշված բնակավայրերում առկա են անվտանգության լուրջ խնդիրներ: Օրինակ՝ Ճակատենում կան բնակելի տներ, որոնք ադրբեջանական դիրքերից մոտ 200-300 մետր հեռավորության վրա են։ Մեկ այլ դեպքում, օրինակ, Ներքին Հանդում ադրբեջանական զինված ծառայողները կանգնած են գյուղի ջրի միակ ակունքի մոտ, ինչը ջրային անվտանգության լուրջ խնդիր է առաջ բերում:
Ստեղծված իրավիճակի պատճառով դպրոցներում դասապրոցեսն ամբողջությամբ կամ մասամբ իրականացվում է հեռավար եղանակով։ Ներքին Հանդի դեպքում երեխաների իրավունքներն առանց այն էլ ոտնահարված են, քանի որ ադրբեջանական զինված ուժերը տեղակայված են դպրոցից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:
Մի շարք բնակիչներ նշել են, որ վերջին օրերին սկսել են առաջ գալ ինտերնետ կապի որակի խնդիրներ. այս հարցում այցի ընթացքում հնարավորություն է ունեցել հավաստիանալու նաեւ Պաշտպանի աշխատակազմը։ Ավելին` ադրբեջանական դիրքերը քաղաքացիական բնակչության համար ինտերնետ կապի կայանների տեղակայման վայրից անմիջական հեռավորության վրա են։
Նշված վեց բնակավայրերում արդեն իսկ առաջ են եկել բժշկական օգնության եւ սպասարկման հասանելիության լուրջ բարդություններ՝ ոտնահարելով մարդկանց` Սահմանադրությամբ երաշխավորված առողջության պահպանման բացարձակ մարդասիրական իրավունքը:
Այսպես, թեեւ Ճակատենում մշտական հերթապահություն է իրականացնում Մեղրիից ժամանած շտապօգնության բրիգադը (ընդհանուր՝ մեկ մեքենա եւ յուրաքանչյուր բնակավայրին՝ շտապօգնության մեկ բուժաշխատող բաշխմամբ), սակայն հրատապ հոսպիտալացման կարիք առաջանալու դեպքում, ստացվում է, մարդիկ պետք է Ճակատենից տեղափոխվեն Մեղրիի բժշկական կենտրոն, որտեղ, ըստ բնակիչների տեղեկությունների, շտապօգնության մեքենայով հնարավոր կլինի հասնել 2-2.5 ժամում՝ մոտ 70 կմ ճանապարհ անցնելուց հետո։ Սա այն դեպքում, երբ մինչեւ ադրբեջանական զինված ծառայողների կողմից Կապան-Ճակատեն ճանապարհի անօրինական արգելքը անձի տեղափոխումը Կապանի բուժհաստատություն հնարավոր էր կազմակերպել մոտ 30 րոպեում։ Նման իրավիճակ է ստեղծվել նաեւ մի շարք այլ բնակավայրերի դեպքում, իսկ անհրաժեշտ դեղորայքը, չլինելու դեպքում, հիմնականում բերվում է Մեղրիից։
Կապան-Ճակատեն ճանապարհի փակվելու պատճառով նախկին առավելագույն 30 րոպեի փոխարեն այժմ պահանջվում է մոտ 1,5-2 ժամ, որպեսզի հնարավոր լինի շտապօգնության մեքենայով անձին տեղափոխել Մեղրի, ինչը հրատապ անհետաձգելի բուժօգնության տրամադրման տեսանկյունից անթույլատրելի է: Հրատապ բուժօգնության իրավունքի խաթարման օրինակներ կան մի շարք այլ բնակավայրերում եւս:
Հատուկ պետք է ընդգծել՝ ճանապարհը, որ ներկայացվում է որպես այլընտրանքային տարբերակ, հատկապես եղանակային պայմանների, օրինակ, անձրեւի պատճառով անանցանելի է դառնում։ Ակնհայտ է, որ խոր աշնան եւ առաջիկայում ձմեռային եղանակային պայմանների պատճառով ճանապարհը լինելու է անանցանելի, ու մարդիկ կկանգնեն լուրջ խնդիրների առաջ: Այս ճանապարհն առանց այն էլ դժվարանցանելի է:
Կապան-Ճակատեն ճանապարհի` ադրբեջանական անօրինական արարքներով փակվելուց հետո ոչ միայն լրջորեն սահմանափակվել է հատկապես այդ գյուղերի քաղաքացիական բնակչության ազատ տեղաշարժը, այլեւ առաջ են եկել մարդկանց առօրյա կյանքի կազմակերպման բարդ խնդիրներ: Ամենաէականներից է պարենային պաշարների մատակարարման խնդիրը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների այցի ընթացքում տարբեր բնակավայրերի բնակիչներ, նաեւ երեխաները, նշել են, որ պարենային ապրանքների խանութ կա Ծավում, որտեղ վաճառվող պաշարները ձեռք են բերվում հիմնականում Կապանից:
Վերը նշված փաստերը, ինչպես նաեւ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական, այսպես կոչված, սահմանային եւ մաքսային առանց որեւէ իրավական հիմքի վերահսկողության կապակցությամբ Պաշտպանի՝ 2021-ի նոյեմբերի 11-ի հայտարարությամբ ներկայացված փաստերը եւս մեկ անգամ վկայում են, որ ամբողջությամբ խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը, խաղաղությունն ու անվտանգությունը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի եւ մյուս կենսական իրավունքները:
Պետք է նկատի ունենալ, որ ադրբեջանական դիմակավորված ու զինված ծառայողները շարունակում են ծառայություն իրականացնել ճանապարհին, ինչն ինքնին մարդկանց կյանքի իրավունքի խախտում է ու անվտանգության իրական սպառնալիք:
Այս իրավունքները ճանաչված են միջազգայնորեն եւ երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ ՀՀ զինված ուժերի եւ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողներն անձնուրաց ծառայություն են տանում մարդկանց անվտանգության ապահովման ու աջակցության հարցերում: Աջակցության ծրագրեր են իրականացնում նաեւ տեղական մարմինները: Այս մասին նշել են նաեւ բնակիչները:
Փաստերն ակնհայտորեն հաստատում են, որ ադրբեջանական զինված կամ այլ մարմինների ամրացումը հանցավոր բնույթի է, այն խորացնելու է մարդու իրավունքների խախտումները եւ էլ ավելի մեծ խնդիրների առաջ կկանգնեցնի Հայաստանի քաղաքացիական բնակչությանը:
Ակնհայտ է նաեւ, որ ադրբեջանական զինված ծառայողների, հատուկ այլ ծառայությունների տեղակայումն ու նրանց ցանկացած արարք ապօրինի են (զուրկ են իրավական հիմքից), դրանք քրեորեն պատժելի արարքներ են: Նրանց տեղակայումները տեղի են ունեցել պատերազմի բացահայտ սպառնալիքով, իսկ իրավունքի գերակայությունն ու մարդու իրավունքների ապահովումը նման իրավիճակներում միջազգային հիմնարար պահանջ են:
Ուստի ադրբեջանական զինված կամ որեւէ այլ ծառայող ՀՀ գյուղերի անմիջական հարեւանությամբ ու համայնքների միջեւ ճանապարհներին չպետք է լինի: Դա անհրաժեշտ է մարդկանց խախտված իրավունքները եւ բնականոն կյանքը վերականգնելու համար:
Այս փաստերը կներկայացվեն միջազգային համապատասխան կառույցներին՝ ադրբեջանական իրավական հիմքերից զուրկ, հանցավոր բնույթի արարքների եւ նրանց հեռացման հրատապ անհրաժեշտությամբ պայմանավորված։