Իտալիայի դեղամիջոցների գործակալության գլխավոր տնօրեն Նիկոլա Մագրինին հայտարարել է ամբողջ բնակչությանը կորոնավիրուսի դեմ երրորդ չափաքանակով պատվաստման նպատակահարմարության մասին:
«Մենք գիտենք, որ պատվաստանյութերն արդյունավետ են ու անվտանգ: Ունենք բավարար պաշարներ, ընդ որում` երրորդ չափաքանակը զգալիորեն ամրացնում է մեր պաշտպանությունը: Այո, կարծում ենք՝ նպատակահարմար է, որ մոտակա ամիսներին պատվաստումն աստիճանաբար տարածվի բոլորի վրա»,- ասել է փորձագետը La Repubblica պարբերականին տված հարցազրույցում:
Իտալիայում քննարկում են 6-ից մինչեւ 5 ամիս իջեցնել լիարժեք պատվաստման ու լրացուցիչ՝ բուստերային պատվաստման միջեւ ընկած ժամանակահատվածը: Իտալիայում կորոնավիրուսի դեմ վերապատվաստումները սկսվել են աշնանը: Առողջապահության նախարարության տվյալներով կորոնավիրուսի դեմ բուստերային չափաքանակ ստացել է ավելի քան 3 միլիոն մարդ: Նրանք հիմնականում առողջական լուրջ խնդիրներ ունեցող եւ 60-ից բարձր տարիքի անձինք են:
Երկրում լիարժեք պատվաստված է 12-ից բարձր տարիքի բնակչության շուրջ 85 տոկոսը: