ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի անձնական բժիշկ, պրոֆեսոր Քեւին Օ’Քոնորը, որը 2009-ից հետեւում է Բայդենի առողջությանը, Սպիտակ տանն է ներկայացրել ԱՄՆ նախագահի համակողմանի հետազոտության արդյունքները: Նա ասել է, որ Բայդենի հազը սրվել է: Նա ընդգծել է, որ Բայդենը շատ վաղուց է հազում, բայց հիմա հազն ավելի հաճախակի է դարձել, ինչը ավելի մանրամասն հետազոտություն է պահանջում։
Բայդենին այժմ բուժում են շողացող առիթմիայից (սրտի անկանոն ռիթմ), հիպերլիպիդեմիայից (արյան մեջ ճարպի բարձր պարունակություն), գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսից, սեզոնային ալերգիայից։
«Նախագահը բավականաչափ առողջ է, որպեսզի կատարի իր պարտականությունները։ Նա այժմ էլ ամբողջությամբ կատարում է իր բոլոր պարտականությունները` առանց բացառության»,- նշել է բժիշկը:
Օ’Քոնորը նաեւ հայտարարել է, որ Բայդենը նախորդ տարվա համեմատ ավելի դժվարությամբ է քայլում. ախտորոշվել է ոտքի ծայրամասային նեւրոպատիա։ Նա նշել է, որ սովորաբար հիվանդությունը առաջանում է շաքարախտի, ալկոհոլի օգտագործման կամ վիտամին B12-ի պակասի դեպքում: ԱՄՆ նախագահի դեպքում այդ ռիսկի գործոնները չկան. նրա անալիզները մաքուր են։
Բայդենին հետազոտել են նաեւ հաստ աղիքի եւ մաշկի քաղցկեղի առկայությունը ստուգելու համար, ստուգել են ատամներն ու տեսողությունը. որեւէ խնդիր չի հայտնաբերվել։
ԱՄՆ նախագահն այսօր դառնում է 79 տարեկան։ Նա պատմության մեջ ամենատարեց գործող նախագահն է։