Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության քաղաքացիները վարկերի համար դիմելու դեպքում հավասար հնարավորություններ կստանան միավորման ամբողջ տարածքում։ Համապատասխան համաձայնագիրը ստորագրվեց նոյեմբերի 19-ին Երեւանում։
Միշուստինն ընդգծել է, որ «Հնգյակի» քաղաքացիները վարկեր ստանալու համար դիմելիս հավասար հնարավորություններ կստանան ամբողջ միության տարածքում։ Ընդ որում՝ բանկերը կկարողանան ստուգել իրենց հաճախորդի պատմությունը՝ անկախ նրա քաղաքացիությունից, եւ վերլուծելով ռիսկերը` վարկերի տրամադրման համապատասխան որոշումներ ընդունել:
Մոտ ժամանակներս միության հանրապետությունների կենտրոնական բանկերը կհաստատեն վարկային պատմությունների ազգային բյուրոներում պահվող տվյալների փոխանակման տեխնիկական կանոնները: Այս տվյալները պետք է պաշտպանության բարձր աստիճան ունենան: Այսպիսով` միության հանրապետություններից մեկի ռեզիդենտները կարող են վարկի համար դիմել մնացած չորս երկրների բանկեր։ Բանկերը կարող են ստուգել նրանց վարկային պատմություններն ու վարկավորման մասին որոշումներ ընդունել:
«Հեռավար վարկավորման պայմաններում անհրաժեշտ է զարգացնել ինտերնետ-բանկինգի մեխանիզմները, որոնք արդեն զարգանում են Ռուսաստանում, Ղազախստանում եւ մեր մյուս հանրապետություններում»,- շեշտել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսական եւ ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Ռուսլան Բեկետաեւը: