Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) իր հրապարակած զեկույցում նշել է, որ Ասիայի երկրների զբոսաշրջության ճյուղի ավելի քան մեկուկես միլիոն աշխատակիցներ կորցրել են աշխատանքը կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Միայն զբոսաշրջության ճյուղի կոլապսի պատճառով 1,6 միլիոն աշխատատեղ է փակվել Ֆիլիպիններում, Վիետնամում, Թաիլանդում, Բրունեյում եւ Մոնղոլիայում: Զբոսաշրջության ոլորտի աշխատատեղերի կորուստները չորս անգամ գերազանցել են մյուս ճյուղերի կորուստները: Հատկապես խիստ են տուժել կանայք:
ԱՄԿ-ի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով տնօրեն Տիհակո Ասադ-Միյակավան աղետալի է համարել տարածաշրջանում զբոսաշրջության վրա ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը:
Համաշխարհային տնտեսական համաժողովի տվյալներով 2019-ին Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան է այցելել 290 միլիոնից ավելի զբոսաշրջիկ: Դա տարածաշրջանի երկրների տնտեսությանը շուրջ 875 միլիարդ դոլարի եկամուտ է բերել:
Ընթացիկ տարվա սեպտեմբերի դրությամբ Ասիայի այս մեծ հատված ժամանածների թիվը 99 տոկոսով կրճատվել է՝ նախահամավարակային ժամանակների համեմատ: ԱՄԿ-ի ավագ տնտեսագետ եւ զեկույցի հեղինակ Սառա Էլդերը հայտարարել է, որ ճգնաժամը եւ մոտ ապագայում դանդաղ վերականգնման հավանականությունը զբոսաշրջությունից կախված երկրներին կպարտադրի քննարկել իրենց տնտեսության դիվերսիֆիկացիայի ուղիները:
«Վերականգնումը ժամանակ է պահանջում, եւ զբոսաշրջության հատվածի տուժած աշխատողներն ու ձեռնարկությունները առաջվա պես օգնության կարիք կունենան կորցրած եկամուտները լրացնելու եւ ակտիվները պահպանելու համար»,- ասել է Էլդերը:
Նա ընդգծել է, որ կառավարությունները պետք է շարունակեն աջակցության միջոցառումներ իրականացնել՝ դրա հետ մեկտեղ ձգտելով պատվաստելու բոլոր բնակիչներին, ներառյալ աշխատող միգրանտներին: