Ռուսաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ: Քննարկվել են միջազգային օրակարգի մի շարք հարցեր, որոնց թվում՝ իրավիճակը Հարավային Կովկասում:
ՌԴ արտգործնախարարությունից հայտնել են, որ արտգործնախարարները զրուցել են նաեւ Ուկրաինային մատակարարված թուրքական անօդաչուների վերաբերյալ: Սերգել Լավրովը Մեւլութ Չավուշօղլուին հորդորել է լրջորեն մոտենալ Մոսկվայի մտահոգություններին՝ Կիեւի եւ Անկարայի միջեւ սկսված ռազմատեխնիակական համագործակցության շուրջ: «Այդ համագործակցությունը նպաստում է Ուկրաինայի ռազմականացմանը»,- ընդգծել է Լավրովը։
Ռուսական կողմն ընդգծել է, որ Ուկրաինայի հարավ-արեւելքում իրավիճակը սրելու՝ Կիեւի քաղաքական կուրսը, որը հովանավորվում է արեւմտյան դաշնակիցների կողմից, սպառնում է իրավիճակի ապակայունացմանը։
Պաշտոնական Կիեւը այս պահին իր զինանոցում ունի 12 միավոր Bayraktar, պատրաստվում է ձեռք բերել եւս 24-ը։ Թուրքիան եւ Ուկրաինան Bayraktar-ների սպասարկման կենտրոնի կառուցման հուշագիր են ստորագրել, ինչպես նաեւ մտադիր են այդ անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն սկսել։