ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Փարիզ աշխատանքային այցի շրջանակում հարցազրույց է տվել ֆրանսիական «Լը Ֆիգարո» (Le Figaro) օրաթերթին: Միրզոյանն ընդգծել է, որ այս մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի կողմից արձանագրվել է հրադադարի շուրջ երեսուն լուրջ խախտում, որի հետևանքով հայկական կողմից եղել են զոհեր եւ վիրավորներ։ Սպանվել են նաեւ քաղաքացիական անձինք։ «Այնուամենայնիվ, Հայաստանն ամեն ջանք գործադրում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ։ Սակայն որպեսզի այս գործընթացն արդյունավետ լինի, ջանքերը պետք է երկկողմանի լինեն»,- շեշտել է ՀՀ արտգործնախարարը:
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ բազմաթիվ են վկայությունները հայ ռազմագերիների հանդեպ կիրառվող անմարդկային եւ արժանապատվությունը վիրավորող վերաբերմունքի ու կտտանքների մասին։ Այս դեպքերը փաստագրված են տարբեր միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների, այդ թվում՝ «Human Rights Watch»-ի կողմից։
«Մեզ մոտ առկա են նաեւ փաստագրված տեսանյութեր եւ լուսանկարներ, որոնք վկայում են այդ անձանց գերեվարված լինելու մասին, սակայն Ադրբեջանը չի հաստատում նրանց գոյությունը։ Նրանք կարող են արտադատական մահապատժի ենթարկված լինել, պահվել ընդհատակյա բանտերում կամ մարդկային օրգանների թրաֆիքինգի զոհ դարձած լինել։ Ադրբեջանը հաստատել է 40 հայ ռազմագերիների առկայությունը, իսկ եւս 100-ինը՝ ժխտել»,- շեշտել է Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է ռուսական խաղաղապահ ուժերի դերը Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ապահովմանը եւ բնականոն կյանքի վերականգնմանը նպաստելու գործում: «Ռուսաստանին հաջողվել է դադարեցնել պատերազմը ռազմական գործողությունների 44-րդ օրը։ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է։ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները ուղղված են նաեւ ռուս խաղաղապահների հեղինակության դեմ»,- շեշտել է Միրզոյանը։
Նա ընդգծել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցությունների վերսկսման կարեւորությունը։
Միրզոյանը շեշտել է, թե Հայաստանը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է կարգավորելու Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների` չնայած Արցախի դեմ պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերված հսկայական աջակցությանը՝ ինչպես քաղաքական առումով, այնպես էլ սպառազինության մատակարարմամբ եւ հազարավոր օտարերկրյա վարձկանների տեղակայմամբ։
«Մենք դրական ազդակներ ենք ստացել Թուրքիայի կողմից երկխոսությունը վերաբացելու ուղղությամբ, բայց այն խրթին է մնում։ Անկարան նոր պայմաններ է առաջադրում։ Դրանց թվում Ադրբեջանը եւ Նախիջեւանը կապող «միջանցքն» է։ Դա բացարձակապես չի կարող քննարկման առարկա լինել։ Պետությունները պետք է տարանցում թույլ տան՝ պահպանելով սեփական տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը։ Տարածաշրջանի հաղորդակցության բոլոր ուղիները պետք է վերաբացվեն»,- ասել է Միրզոյանը։