Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղն ավելի շուտ նման է խաղաղության պատրաստվողի: 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական Ալիբեյլի գյուղին սահմանակից հայկական այս բնակավայրում ոչ մի կրակոց չի հնչել: Մինչդեռ միմյանց դիրքերը տեսնելու համար ո’չ հայերին, ո’չ էլ ադրբեջանցիներին նույնիսկ ակնոց պետք չէ։
Գյուղապետի տունը կառուցվել է հենց ադրբեջանցիների դիրքերին դեմ հանդիման, ռմբակոծվել է պատերազմի օրերին: Վերանորոգում են հիմա։ «Էս պահին մեր դիրքերը բավականին ամուր են այստեղ, մեր դիրքերը նույնպես իշխող դիրքեր են իրենց բնակավայրի համեմատ»,- ասում է Այգեպարի վարչական ղեկավար Արկադի Յամուկյանը։
Այգեպարի մանկապարտեզում երեխաների առօրյայում արտակարգ դեպքերի սպասում չկա, մեկ տարի առաջ հնչած բոլոր կրակոցները 4-5 տարեկան այս փոքրիկների համար հիշողություն են:
Գյուղում բերքը հասունացել է, մեծերն ադրբեջանցիների քթի տակ բերքահավաք անելու խնդիր չունեն, փոքրերը գրեթե սահմանին են հասնում, որ պարեն, մշակույթի տունը հակառակորդի դիրքերից 500 մետր է հեռու:
Այգեպարում տիկին Էլլան միակն է, որ նախորդ պատերազմից ուշքի չեկած՝ արդեն պատրաստվում է հաջորդին, նրա տունն այսօր էլ հիշեցնում է ինքնաշեն մի խրամատ՝ վերնահարկով, որը բնակության համար պիտանի չէ։
«Տան միջին 10 հատ տանկի սնարյադ ա տրաքել, էդ տանկերն ինչքան կրակել են, լրիվ մեր տան միջին, մենք իսկական թիրախ ենք»,- ասում է տիկին Էլլան։
Նա ներկայացնում է Ադրբեջանից արձակված արկերի հետեւանքով կրած վնասներն ու բողոքում, որ պետությունը փոխհատուցում չի տալիս։ «Սուտի գրեցին, մայրիկ ջան, չվախենաս՝ էս էլ ենք տալու, էն էլ ենք տալու, եկան էս գյուղը սաղ շինեցին, իսկ մեզ մի հատ ասեղ անգամ չտվին, ոչ մի բան»։
Հարեւան Մովսես գյուղի վարչական ղեկավար Արտակ Պապյանն էլ աշխատանքի բացակայությունից է բողոքում։ Գյուղում մնացողները կա՛մ գնալու տեղ չունեն, կա՛մ փող, բայց մնալու պատճառ էլ չկա։ «Ոչ մի աշխատանք էլ չկա։ Գյուղի կեսը հիմա Ռուսաստանում են ապրում, տարբեր երկրներում, աշխատանքի բացակայության համար տեղափոխվել են»։ Պապյանն անհամբեր է ադրբեջանցիների հետ խաղաղության հասնելու հարցում, բայց այնպես, որ ադրբեջանցին հանկարծ գյուղ ոտք չդնի:
44-օրյա պատերազմում զոհեր ունեն, չվերադարձած տղաներ կան, որոնց գտնվելու վայրն անհայտ է։ Լուսանկարում մովսեսցի 3 զոհերից մեկն է՝ Հրանտ Պապյանը, նա սպանվել է Հադրութում։ Ծնողները հունվարին են ստացել որդու մարմինը: Հրանտի երկու եղբայրները դեռ գյուղում են: «Խաղաղություն» բառն այսօր նրանց միայն շփոթեցնում է: Իսկ հայրը՝ Զավեն Պապյանը, հրաժարվելով նկարահանվել, գրեթե բղավում է՝ չէին կարո՞ղ էդ խաղաղությունը մի քիչ շուտ հաստատել: Նա ամեն օր այցելում է որդու գերեզմանին, որի հենց դիմացը՝ ընդամենը 200 մետր հեռավորության վրա, կարելի է լսել ադրբեջանցի զինվորականների աշխույժ զրույցները։