Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Հանս Կլյուգեն հայտարարել է, որ Եվրոպայում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը խիստ մտահոգիչ է:
Կլյուգեն BBC-ին այսօր տված հարցազրույցում ընդգծել է, որ եթե միջոցներ չձեռնարկվեն, մինչեւ գալիք տարվա մարտ կորոնավիրուսից Եվրոպայում կմահանա մոտ 500000 մարդ:
Կորոնավիրուսով վարակվածների թիվն այս օրերին աճել է Չեխիայում եւ Սլովակիայում: Կլյուգեն շեշտել է, որ դրան նպաստում են տարվա ցուրտ եղանակը, պատվաստումների ոչ բավարար ընթացքը եւ կորոնավիրուսի «Դելտա» շտամի տարածվածությունը, որը հայտնի է չափազանց խիստ վարակելիությամբ:
Չեխիայում եւ Սլովակիայում նոյեմբերի 22-ին ուժի մեջ կմտնեն նոր սահմանափակումներ չպատվաստված բնակիչների նկատմամբ: Չեխիայի կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի` ռեստորաններ այցելելու, որոշակի միջոցառումների մասնակցելու և այլ ծառայություններից օգտվելու թույլտվություն է տրվում միայն պատվաստված կամ վերջին վեց ամսվա ընթացքում վարակված ու առողջացած անձանց:
Ըստ Reuters-ի՝ Չեխիայում նոյեմբերի 20-ի ցերեկվա դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 22936 նոր դեպք, որն օրական գրանցվող ամենամեծ ցուցանիշն է համավարակի տարածումից ի վեր: