Կրեմլի պաշտոնական կայքը հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։
Երկու երկրների ղեկավարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում ու այն կայունացնելու համար ձեռնարկվող միջոցառումները՝ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ երկու՝ 2020-ի նոյեմբերի 9-ի ու 2021-ի հունվարի 11-ի հայտարարություններով։
Փաշինյանն իր երախտագիտությունն է հայտնել ՌԴ-ին ակտիվ միջնորդական ջանքերի համար։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների վերաբերյալ։
Պուտինը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել նաեւ նոյեմբերի 16-ին։ Փաշինյանը Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցում հանգամանորեն ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին զարգացումները: Փաշինյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերի գործողություններն ագրեսիա են ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Ստեղծված իրավիճակում վարչապետը հույժ կարեւորել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը: