Կորոնավիրուսի տարածումից ի վեր մոտ երկու տարվա ընթացքում առաջին անգամ Վիետնամի Ֆու Քուոկ կղզի են ժամանել պատվաստված օտարերկրացի երկու հարյուր զբոսաշրջիկներ:
Ըստ Reuters-ի՝ Վիետնամը փորձում է վերակենդանացնել զբոսաշրջային տնտեսությունը: Երկիրը համավարակի սկզբում սահմանային խիստ հսկողություն էր սահմանել՝ փորձելով խուսափել կորոնավիրուսի տարածումից: Վիետնամն այդ քայլով վնասել էր զբոսաշրջությանը, որը սովորաբար կազմում է համախառն ներքին արդյունքի մոտ 10 տոկոսը:
Պատվաստված զբոսաշրջիկներն այժմ ստիպված չեն լինի անցնել պարտադիր երկշաբաթյա կարանտին, սակայն հանգիստը պետք է անցկացնեն միայն Vinpearl հանգստավայրում և ճանապարհորդության ընթացքում երկու անգամ թեստ պետք է հանձնեն: