Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նպաստավոր պայմաններ կարող են ստեղծվել երկրում էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար: Էլեկտրամոբիլների կիրառման խթանումն էլ կարող է նպաստել շարժական աղբյուրներից մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցմանը:
Նախագծի հեղինակ շրջակա միջավայրի նախարարության մասնագետների համոզմամբ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քանակի ավելացումն ուղղակիորեն կխթանի հանրապետությունում գիշերային ժամերին էլեկտրաէներգիայի սպառումը, քանի որ դրանց լիցքավորումը մեծ մասամբ իրականացվում է գիշերային ժամերին։
Միաժամանակ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քանակի զգալի աճը կնպաստի լիցքավորման կայանների, վերանորոգման կետերի ու դրանց շահագործման համար անհրաժեշտ այլ ենթակառուցվածքների զարգացմանը, հետեւապես լրացուցիչ ներդրումներին ու նոր աշխատատեղերի ստեղծմանը։
Նախագծի ընդունումը համահունչ է նաեւ Փարիզյան համաձայնագրով ազգային մակարդակով սահմանված գործողություններին: Այն մասնավորապես կնպաստի մինչեւ 2030 թվականը ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումները 1990-ի արտանետումների մակարդակի համեմատ 40 տոկոսով նվազեցնելու պարտավորության կատարմանը:
Շարժական աղբյուրներից մթնոլորտային օդի աղտոտումը կարեւոր մասնաբաժին ունի արտանետվող ջերմոցային գազերի հանրագումարում: Համաձայն միջազգային կառույցների իրականացրած ուսումնասիրությունների եւ վերլուծությունների՝ էլեկտրական շարժիչով մեքենայի շահագործումը տարեկան միջինը 4.6 տոննա C02-ի արտանետումների կրճատում է ապահովում։
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։