Նոյեմբերի 19-ին Եվրոպական միության ֆինանսավորմամբ «Անցում կրթությունից աշխատաշուկա» ծրագրի շրջանակում Գյումրիում անցկացվեց աշխատանքի տոնավաճառ։ «Աշխատանքի նոր հեռանկարներ» խորագրով կազմակերպված միջոցառումը մեկ հարկի տակ հավաքեց Շիրակի մարզի գործատուներին, աշխատանք փնտրողներին, ինչպես նաեւ մասնագիտական ուսումնական հաստատություններին։
Ծրագրի կազմակերպիչներն էին «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը եւ «Ադամյան եւ ընկերներ» աշխատանքի տեղավորման կադրային կենտրոնը։
Մինչ այս ԵՄ ֆինանսավորմամբ Շիրակի մարզի միջին մասնագիտական կրթական մի քանի հաստատություններում կազմակերպվել են մասնագիտական ուսուցման դասընթացներ, ֆինանսական աջակցությամբ ուսումնարանների դասախոսները վերապատրաստվել են, հաստատությունները՝ համալրվել հատուկ լաբորատորիաներով ու դասասենյակներով։ Կազմակերպիչներն ուսումնասիրել են աշխատաշուկան, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ իրականացրել 8 կարճաժամկետ եւ 4 երկարաժամկետ ուսումնական ծրագրեր։
«Կրթությունից անցում աշխատաշուկա» ծրագրի ղեկավար Ասյա Հարությունյանը վստահ է, որ վերապատրաստված մոտ 130 շրջանավարտներից շատերը կգտնեն հարմար աշխատանք։ «Ծրագրի շրջանակում այսօր ութ աշխատանք փնտրողների հետ պայմանագիր ենք կնքել, ըստ որի՝ աշխատանքային փորձ չունեցող մասնագետի մեկ ամսվա աշխատավարձը կփոխհատուցի ծրագիրը։ Արդյունքում կշահեն ե՛ւ աշխատողը, ե՛ւ գործատուն»։
«Ադամյան եւ ընկերներ» աշխատանքի տեղավորման կադրային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը տեղեկացնում է, որ աննախադեպ թվով աշխատատեղերի առաջարկ է ներկայացվել տոնավաճառում՝ 127 գործատու, 650 թափուր հաստիք։
Թե ինչու աշխատանք փնտրողների մեծ թվի առկայության դեպքում բազմաթիվ գործատուներ չեն կարողանում գտնել աշխատողներ, Ադամյանն ասում է. «Ավելի տարիքով մարդիկ չաշխատելու պատճառով կորցրել են մասնագիտական հմտությունները, իսկ կրտսեր տարիքի մասնագետները չունեն աշխատանքային փորձ։ Այս միջոցառումը կօգնի, որ ավագ սերունդը վերապատրաստվի, իսկ կրտսերը՝ փորձ ձեռք բերի»։
Տաղավարներից մեկում «Զաքարյան ջինս» կարի արտադրամասը կարող բանվորների, տեխնոլոգների, ցանցային ադմինիստրատորների անսահմանափակ աշխատատեղեր է առաջարկում, աշխատավարձը՝ սկսած 68 հազար դրամից, ավելի բարդ աշխատանքի դեպքում ընկերությունը կվարձատրի մինչեւ 100000 դրամով։
Արմենուհի Սիմոնյանը, ոգեւորված նոր աշխատանք ունենալու հեռանկարով, ասում է, որ հաջորդ շաբաթվանից այլեւս գործազուրկ չի լինի։ Կարելու հմտություններ վաղուց ունի, միայն մի փոքր պետք է վերհիշի։
Կից տաղավարում Ամասիայի պանրի գործարանն է բանվորի թափուր հաստիքի համար աշխատող փնտրում։ «Գործն ավելի շատ սեզոնային է, մարդիկ չեն ուզում երկար ճանապարհ կտրել, հասնել Ամասիա, բայց արդեն մի քանիսի հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցինք»,- ասում է գործարանի արտադրության պետ Սերգեյ Մանուկյանը։
Մինչեւ երեկո բազմաթիվ աշխատանք փնտրողներ հնարավորություն ունեցան հանդիպելու գործատուների հետ, զրուցելու, ծանոթանալու նրանց ներկայացրած առկա եւ սպասվելիք թափուր աշխատատեղերին ու պահանջներին: Այսպիսով գործատուները, ունենալով ընտրության մեծ հնարավորություն, հաջողությամբ կկարողանան համալրել իրենց ընկերությունների թափուր աշխատատեղերը:
Նշենք, որ վերջին տարիներին Շիրակի մարզը շարունակում է մնալ հանրապետության առաջատարը աղքատության եւ գործազրկության մակարդակով։
2021 թվականի օգոստոսի դրությամբ Շիրակի մարզի գրանցված աշխատանք փնտրողների թիվը շուրջ 17.5 հազար է։ Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 3.6%-ով։ Շարունակում է բարձր մնալ աշխատանք չունեցող կանանց թիվը՝ գործազուրկների թվի մոտ 70%-ը:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։