ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են շուրջօրյա մշտադիտարկում իրականացնել եւ վերահսկել հրադադարի պահպանման ռեժիմը Լաչինի միջանցքի 27 դիտակետերում եւ Արցախի սահմանազատման գծի ամբողջ երկայնքով։
Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Լիչկինը նշել է, որ դիտակետի զինծառայողներն իրենց պատասխանատվության գոտում շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում հրադադարի նկատմամբ։ Ռուս խաղաղապահներն ապահովում են տարանցիկ ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթեւեկությունը հսկիչ անցակետերով։ Հնարավոր սադրանքները կանխելու նպատակով տրանսպորտային բոլոր միջոցները ստուգվում են, անհրաժեշտության դեպքում նաեւ զննվում:
Ընթացիկ իրավիճակի վերահսկման համար նախատեսված բոլոր դիտակետերը կահավորված են ժամանակակից տեսանկարահանող սարքերով։ Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ծառայությունն իրականացնում են «Ռատնիկ» համազգեստով։ Դիտակետերը կահավորված են ժամանակակից լուսադիոդային լուսարձակներով եւ էլեկտրասնուցման անխափան աղբյուրներով։
Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով արդեն ավելի քան մեկ տարի է՝ 5 տարի ժամկետով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկայով: Ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի եւս 5 տարով, եթե կողմերից որեւէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: