ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից հայտնել են, որ Երեւանի տարբեր փողոցներում այսօր վաղ առավոտյան անցկացված բողոքի ակցիաների մասնակիցներից ոստիկանություն բերման է ենթարկվել 18 մարդ։ Ըստ ոստիկանության՝ ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու համար։
Նոյեմբերի 22-ի առավոտյան՝ 8։30-ի սահմաններում, մի շարք քաղաքական ու հասարակական ուժեր միաժամանակյա բողոքի ակցիաներ են իրականացրել Երեւանի տարբեր հատվածներից դեպի Կենտրոն համայնք տանող գլխավոր ճանապարհների վրա։ Ակցիայի մասնակիցները մասնավորապես փակել են Տիգրան Մեծ, Բաղրամյան, Արշակունյաց, Մյասնիկյան պողոտաները, ինչը խցանումների պատճառ է դարձել։ Բողոքի ցույցի կազմակերպիչներն ու մասնակիցները իրենց գործողությունները մեկնաբանում են ժողովրդին արթնացնելու, փողոց դուրս բերելու եւ հայրենիքը ստեղծված վիճակից հանելու մտադրությամբ։
Շուրջ կես ժամ անց ոստիկանությունը բացել է փակ փողոցները` բերման ենթարկելով ակցիայի մասնակիցներից ոմանց։