Մամուլը հաճախ է գրում, որ 44-օրյա պատերազմում Հայաստանը կապիտուլացվեց։ Սերժ Սարգսյանի «թեթեւ» բերանով Նիկոլ Փաշինյանը հռչակվեց կապիտուլյանտ։ Մեր մեջ ասած, այս բնորոշումը որպես վերաբերմունք կարելի է ընդունել, Փաշինյանը բազմաթիվ հնարավորություններ ուներ կանխելու այն, ինչը եղավ։ Ու չարեց դրանցից ոչ մեկը։
Փաշինյանին կարելի է «կապիտուլյանտ» համարել, բայց պետք է հաշտվել այն մտքի հետ, որ Հայաստանը կապիտուլացված չէ։ Որքան էլ դա շատերին հաճելի է մտածել։ Էդվարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան»-ում «կապիտուլյացիա» բառը բացատրվում է որպես «պատերազմում հաղթող կողմի առաջադրած պայմաններով պարտվող պետության, ինչպես նաեւ նրա զինված ուժերի անձնատուր լինելը»։
Բազմաթիվ այլ մեկնաբանություններ, օրինակ՝ «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան»-ից, «կապիտուլյացիան» նշում են որպես «հակառակորդի փաստարկների ճնշման տակ իր սկզբունքներից ու պայքարից հրաժարվելը»։ Ստեփան Մալխասյանցի «Հայերէն բացատրական բառարան»-ում՝ որպես թշնամու հետ կնքվող պայմանագիր ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, հաղթողի առաջարկած պայմաններով։
Առաջին հայացքից մենք, այո՛, անձնատուր ենք եղել հաղթող կողմի առաջադրած պայմաններով, բայց մենք հակառակորդի ճնշման տակ չենք հրաժարվել մեր սկզբունքներից ու պայքարից, ինչպես նաեւ մենք թշնամու հետ որեւէ պայմանագիր չենք կնքել։ Այդ պայմանագիրը եռակողմ է։
Կապիտուլյացիան ենթադրում է, որ պարտված պետության հետ հաղթողը խոսելու ոչինչ չունի, ստանում է այն, ինչ ուզում է։ Մինչդեռ այդպես չէ։ Դիցուք, միջանցքը, որ Ադրբեջանի այս պահի հիմնական պահանջն է։ Միջանցքի ակնարկ կա նաեւ, այսպես կոչված, կապիտուլյացիոն պայմանագրում։ Բայց Ադրբեջանը համառորեն չի ստանում այն, ինչ ուզում է։ Ինչո՞ւ։ Որովհետեւ պատերազմի դադարեցման բնույթը չի եղել կապիտուլյացիոն։ Մի քանի օր առաջվա պատերազմը հենց դրա վկայությունն էր, որ Ադրբեջանը պատերազմն ավարտված չի համարում։ Գուցե մտադիր է շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ եռակողմ պայմանագիրն իր կապիտուլյացիոն բնույթը չի բացահայտել, բայց այս պահին այն կապիտուլյացիոն չէ։ Գուցե կապիտուլյացիան առջեւում է, բայց Հայաստանը դեռ կապիտուլացված չէ։ Սա պետք է ընդունել ի գիտություն, սրա հետ պետք է հաշտվել, սա վերաբերում է հատկապես նրանց, որոնք չեն հասկանում, թե որքան են անհուսացնում իրականությունը Հայաստանում՝ երկիրը «կապիտուլացված» բնորոշելով։
Նույնիսկ Ղարաբաղը չի կապիտուլացվել։
Հաղթող կողմն, այո՛, առաջադրել է պայմաններ, բայց հաղթող կողմն իշխանություն չունի պարտվող կողմի վրա։ Կապիտուլյացիան կապիտուլյացիա չէ, եթե այդ իշխանությունը չկա։ Եթե լիներ, ի՞նչ կարիք կար նոր պատերազմների, որոնք մեր դեմ մղում է Ադրբեջանը։ Եթե լիներ, ի՞նչ իրավունքով Հայաստանը կմտածեր վերազինվելու, բանակային բարեփոխումներ անելու մասին։
Կապիտուլյացիան պետք է տարանջատել կապիտուլյանտից։ Եթե մենք Փաշինյանին ուզում ենք կապիտուլյանտ տեսնել, դա մեր խնդիրն է, այդ մարդը պատերազմից հասկանում է այնքան, որքան Պուանկարեի թեորեմից։ Բայց դա արդեն այլ հարց է։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: